Հայտնաբերվել է «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի պատուհաններին կրակած անձը․ 17-ամյա երիտասարդը ձերբակալվել է
ՀՀ ոստիկանությունից տեղեկացնում են, որ մայիսի 3-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Բաբաջանյան փողոցի կրթահամալիրի պատուհանին կրակոցի հետքեր կան:
«Մեկնել է ոստիկանության Մալաթիայի բաժնի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ ապրիլի 15-ից մայիսի 3-ն ընկած ժամանակահատվածում անհայտ անձը օդաճնշիչ ատրճանակով դիտավորությամբ վնասել է կրթահամալիրի պատուհանների ապակիները՝ պատճառելով 200.000 դրամի վնաս:
Նախաձեռնվել է քրեական վարույթ:
ՆԳՆ ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Մալաթիայի բաժնի ծառայողների համատեղ ձեռնարկած միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված արարքը կատարել է Բաբաջանյան փողոցի 17-ամյա բնակիչը: Նա մայիսի 4-ին հայտնաբերվել, ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Մալաթիայի բաժին:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ օդաճնշիչ ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն»,- ասված է ոստիկանության տարածած հաղորդագրության մեջ: