Սերբիայում ևս մեկ զանգվածային հրաձգության հետևանքով կա 8 զոհ. հանցագործի որոնումները շարունակվում են
Սերբիայում վերջին երկու օրվա ընթացքում երկրորդ զանգվածային հրաձգությունն է տեղի ունեցել, որի հետևանքով առնվազն 8 մարդ է սպանվել, 13 մարդ՝ վիրավորվել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով CNN-ին:
Միջադեպը տեղի է ունեցել երեկ ժամը 23:00-ի սահմաններում, Դուբոնա գյուղում: Հարձակվողն ավտոմատ զենքով կրակել է մի խումբ մարդկանց վրա և փախուստի դիմել: Սերբիայի Ներքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կասկածյալը 21-ամյա տղամարդ է:
Նրա որոնումներում ներգրավված է Սերբիայի հատուկ նշանակության ուժերի ավելի քան 600 անդամ: Ոստիկանները շղթայել են այն տարածքը, որտեղ, ըստ երևույթին, թաքնվում է կասկածյալը: Միջադեպը համարվում է ներքին ահաբեկչություն:
Մայիսի 3-ին Սերբիան ցնցվել էր ևս մեկ զանգվածային հրաձգությունից. 13-ամյա դեռահասը Բելգրադի դպրոցներից մեկում կրակ էր բացել համադասարանցիների վրա: Դեպքի հետևանքով զոհվել էր 8 աշակերտ և դպրոցի անվտանգության աշխատակիցը: Եվս 6 մարդ վիրավոր է:
Մինչև այս շաբաթ Սերբիայում զանգվածային հրաձգություններ հազվադեպ էին տեղի ունենում՝ չնայած զենք ունեցողների մեծ թվին: