Նախարարի խոստումը երկու անգամ է՝ հետաձգվում է. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2023թ.-ի փետրվարին Հանրային հեռուստաընկերության եթերում էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը հայտարարեց, որ մոտակա մեկ ամսում Հայաստանում իր գործունեությունը կսկսի ծավալել աշխարհահռչակ բրիտանահոլանդական Shell ընկերությունը։
«Մարտ ամսին ընկերությունը կբացի 3 բենզալցակայան, եւ դրանք կլինեն նոր, ժամանակակից բենզալցակայաններ»,- խոստացավ նախարարը։
Նախարարի այս խոստումից անցել է ավելի քան 2 ամիս, սակայն բենզալցակայանները դեռեւս չեն բացվել։ Իսկ ապրիլի 21-ին նախարարը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրեց, որ կայանները շուտով կսկսեն աշխատել։
«Փաստերի ստուգման հարթակ»-ի հարցին, թե ինչու մարտին խոստացված բենզալցակայանները դեռ չեն բացվել, Էկոնոմիկայի նախարարությունից խորհուրդ տվեցին դիմել հենց ընկերությանը, քանի որ «դա մասնավոր ընկերություն է, եւ նրանց գործունեության հետ կապված ռիսկերն ու խնդիրները պետությունը չի կարող կառավարել»։
Ընկերությունից էլ տեղեկացրին, որ այս պահին ավարտական փուլում է թվով երեք բենզալցակայանների շահագործումը, դրանց վրա վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարվում, եւ սպասում են ապրանքի ներմուծմանը։
Ընկերությունից տեղեկացրին նաեւ, որ նախարարի՝ մարտ ամսին բենզալցակայանները բացելու խոստման հիմք էր հանդիսացել իրենց տրամադրած տեղեկատվությունը։
Ի դեպ, սա Shell ընկերության՝ բենզալցակայաններ բացելու խոստման երկրորդ հետաձգումն է: Առաջին անգամ այս խոստումը Քերոբյանը տվել էր նաեւ մեկ տարի առաջ՝ 2022-ի մայիսին։ Այն ժամանակ էլ նախարարը խոստացել էր մինչեւ 2022թ.-ի աշուն Հայաստանում գործարկել բենզալցակայանների ցանցը։
Այսպիսով, փաստենք, որ էկոնոմիկայի նախարարի խոստումը երկու անգամ հետաձգվում է, իսկ պատճառների մասին հարցնելիս նախարարությունից հորդորում են դիմել մասնավոր ընկերությանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: