ՀՖՖ նախագահը ցանկացել է կալանք դնել չեմպիոնի հաշիվների վրա. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Ինչպես փոխանցում է «Դատալեքս» կայքը, այսօր դատավոր Լիզա Գրիգորյանի նախագահությամբ տեղի է ունենալու դատական նիստ, որն իր էությամբ աննախադեպ է։ Բանն այն է, որ ռուսաստանաբնակ գործարար, բարերար, Հայաստանի բազմակի չեմպիոն ու գավաթակիր Երեւանի «Փյունիկ»-ի սեփականատեր Արթուր Սողոմոնյանի դեմ դատական հայց է ներկայացրել, ոչ ավել, ոչ պակաս, ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահը։
Հետաքրքրականն այն է, որ ժամանակ առ ժամանակ սկանդալների կենտրոնում հայտնվող, նույնիսկ ուղղակի թուրքական կողմին որոշակի ծառայություններ մատուցելու համար մեղադրված ՀՖՖ նախագահ Արմեն Մելիքբեկյանը ցանկացել է, որպեսզի դատարանը կալանք դնի Սողոմոնյանի հաշիվների վրա հայցադիմումով պահանջվող գումարի չափով, ինչն անուղղակի նշանակում է փորձել վնաս տալ նաեւ «Փյունիկ» ֆուտբոլային ակումբին։ Այն, որ ՀՖՖ ղեկավարության գործուն ջանքերի «շնորհիվ» այսօր ազգային հավաքականում չէ ամենահայտնի հայը՝ Հենրիխ Մխիթարյանը, եւ այն, որ ազգային հավաքականները մեծամասամբ խայտառակ ելույթներ են ունենում՝ կրելով պարտություն պարտությունների հետեւից, դեռ քիչ է. մինչեւ վերջերս իշխանությունների անվերապահ վստահությունը վայելած Արմեն Մելիքբեկյանն ու Արմեն Նիկողոսյանը ձգտում են, որ «անպատիժ» չմնա նաեւ հայկական ֆուտբոլում սեփական միջոցներից հսկայական գումարներ ծախսած Արթուր Սողոմոնյանը, ու փորձում են հասնել նրան, որ վերջինս փակի հարյուրավոր աշխատատեղեր Հայաստանում եւ հեռանա։
Ֆուտբոլային մեր աղբյուրները պնդում են, որ բացարձակ ապաքաղաքական այս մարդու հետ խնդիրներն առաջացել են այն պահից, երբ վերջինս սկսել է խոսել ֆուտբոլում տիրող անառողջ բարքերից եւ փորձել ՀՖՖ-ին մատնանշել խնդիրները. սա դուր չի եկել նորաթուխ «չինովնիկներին», ու սկսվել են տարատեսակ ֆուտբոլային հետապնդումներ՝ ընդհուպ մինչեւ այն, որ ՀՖՖ նախագահը կամ իրական ազդեցություն կրող տեղակալ Արմեն Նիկողոսյանը ներկա չէին գտնվում «Փյունիկի»-ի եվրոգավաթային խաղերին, ինչն ավելին է, քան խայտառակություն։
Դատական հայցի պատճառ է հանդիսացել այն, որ հարցազրույցներից մեկում, քննադատելով 2019թ․-ին ստեղծված ԲԿՄԱ (Բանակի կենտրոնական մարզական ակումբ) թիմի ձեւավորման մոտեցումները, նշել է, որ կան ֆուտբոլիստներ, որոնք չեն համապատասխանում նույնիսկ այդ թիմի մակարդակին, բայց քանի որ ունեն անձնական կապեր, հայտնվում են այնտեղ։ Մամուլը, համադրելով Սողոմոնյանի ասածները, հետագայում գրեց, որ խոսքը ՀՖՖ գործկոմում վերջերս հայտնված Դավիթ Սարգսյանի որդու՝ Տիգրան Սարգսյանի մասին է, ում մայրը ՏԿՆ Գնել Սանոսյանի տեղակալ Քրիստինե Ղալեչյանն է։ Ստացվում է, որ այսպիսով երիտասարդը, ըստ էության, ազատվել է նաեւ պարտադիր զինվորական ծառայությունից։ Ուժային կառույցներից մեզ փոխանցում են, որ նյութեր են նախապատրաստվում ԲԿՄԱ-ի մասով, իսկ մեկնարկած դատական պրոցեսը կարող է հանգեցնել բունտի հայկական ֆուտբոլում։
«Փյունիկ» ՖԱ-ի մանկապատանեկան թիմերից ծնողներ կան, որ նախապատրաստում են բողոքի ակցիաներ, որով կպահանջեն ՀՖՖ նախագահի հրաժարականը, ՈՒԵՖԱ եւ ՖԻՖԱ կուղարկվեն համապատասխան գրություններ, ինչպես նաեւ կբարձրացվեն ՀՖՖ ղեկավարների ու ընտանիքների անդամների կողմից վերջին մեկուկես-երկու տարում ձեռք բերված գույքի ծագման աղբյուների մասին տեղեկություններ։
Ամբողջությամբ հոդվածը՝ օրաթերթի այսօրվա համարում: