Հայաստանը և Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է․ Բլինքեն
Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները ԱՄՆ-ում մի քանի օր տեւած բանակցություններում գրանցել են շոշափելի առաջընթաց եւ խաղաղության համաձայնագիրն արդեն շատ մոտ է։ Այս մասին ԱՄՆ-ում բանակցությունների եզրափակիչ նիստում ասել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«Եվ Հայաստանը, եւ Ադրբեջանը ընդունում են, որ կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը երկխոսության միջոցով է։ Կողմերը շատ ծանր հարցեր են քննարկել վերջին օրերին, եւ շոշափելի առաջընթաց են գրանցել տեւական խաղաղության պայմանագրի հարցում։ Հուսով եմ եւ կարծում եմ, որ ինչպես եւ ես, նրանք նույնպես հասկանում են, որ առկա է տեսանելի եւ հասանելի համաձայնություն, որին հասնելը կլինի ոչ միայն պատմական քայլ, այլ նաեւ հիմնականում կբխի Հայաստանի եւ Ադրբեջանի ժողովուրդների շահերից եւ շատ դրական ազդեցություն կունենա նույնիսկ այդ երկու երկրների սահմաններից դուրս։
Կարծում եմ՝ բանակցությունների տեմպը եւ հիմքը, որը դրել են այստեղ գտնվող մեր գործընկերները, ցույց է տալիս, որ մենք մոտ ենք համաձայնության հասնելուն։ Այս ամենը հեշտ չէ, բայց առաջ գնալու, մնացած հարցերը քննարկելու վճռականությունը իրական է, եւ այս օրերի քննարկումներից եզրակացնում ենք, որ մենք շատ շոշափելի առաջընթաց ենք գրանցել »,– ասել է Բլինքենը։