Հարավաֆրիկացիները կոչ են անում Մեծ Բրիտանիային վերադարձնել թագավորական գավազանի վրայի ադամանդները
Որոշ հարավաֆրիկացիներ կոչ են անում Բրիտանիային վերադարձնել աշխարհի ամենամեծ ադամանդը, որը հայտնի է որպես Աֆրիկայի աստղ: Այն թագավորական գավազանի վրա է, որը թագավոր Չարլզ 3-րդը պետք է պահի իր թագադրման ժամանակ:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը:
530 կարատանոց ադամանդը հայտնաբերվել է Հարավային Աֆրիկայում 1905 թվականին, երկրի գաղութային կառավարությունը, որն այն ժամանակ բրիտանական տիրապետության տակ էր, այն ներկայացրել է բրիտանական միապետությանը:
Հիմա գաղութային ժամանակաշրջանում թալանված արվեստի գործերի և արտեֆակտների վերադարձի մասին գլոբալ խոսակցության պայմաններում որոշ հարավաֆրիկացիներ կոչ են անում ադամանդը հետ բերել:
«Ադամանդը պետք է գա Հարավային Աֆրիկա: Այն պետք է լինի մեր հպարտության, ժառանգության ու մշակույթի նշանը», - ասել է Յոհանեսբուրգում իրավաբան, ակտիվիստ Մոտուսի Կամանգան:
Մոտուսի Կամանգան ադամանդի վերադարձի համար նախաձեռնել է առցանց խնդրագիր, հավաքվել է մոտ 8000 ստորագրություն: