ՔԿ-ն հերքում է Աննա Հակոբյանին
«Միայն 2020 թ. 44-օրյա պատերազմի և հայտարարված ռազմական դրության ժամանահատվածում զինվորական ծառայության պարտականությունները կատարելուց հրաժարվելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 364-րդ հոդվածի 3-րդ մաս), զորամասը կամ ծառայության վայրը ինքնակամ թողնելու (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 361-րդ հոդվածի 7-րդ մաս), դասալքության (ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 362-րդ հոդվածի 3-րդ մաս) և դրանց համակցությամբ այլ հանցագործությունների առթիվ նախաձեռնվել է 1786 քրեական վարույթ, որոնք առնչվում են 10690 անձի։
ՀՀ նախկին քրեական օրենսգրքի վերոնշյալ հոդվածներոց քննված վարույթներով քրեական հետապնդում է հարուցվել ընդհանուր առմամբ 756 անձի նկատմամբ», Panorama.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնել են Քննչական կոմիտեից։
Ըստ ՔԿ-ի, նշված երեք հոդվածներով հարուցված 118 վարույթ՝ 143 անձի վերաբերյալ, ավարտվել է մեղադրական եզրակացությամբ։
Հիշեցնենք, որ ապրիլի 2-ին Տավուշի մարզում վարչապետ Նիկոլ Փաշինյանի կինը՝ Աննա Հակոբյանը մասնավորապես հայտարարել է. «Իրականությունն այն է, որ մենք 44-օրյա պատերազմի ընթացքում ունեցել ենք 11 հազար դասալիք, ես այլ կերպ չեմ արտահայտվում, դուք հասկացեք, թե ինչի մասին է խոսքը։ 11 հազար զինվորական, կամավոր, սպա և այլն, պատկերացնում եք, չէ՞, դա ինչ թիվ է»։
Հայտարարությունից օրեր անց Panorama.am-ը հարցում էր ուղղել ՔԿ նախագահին.
1. Հարգելի պարոն Քյարամյան, 44-օրյա պատերազմում դասալքության հատկանիշներով Քննչական կոմիտեում քանի՞ քրեական գործ կա հարուցված։
2. Քանի՞ մարդ է այդ գործերով ներգրավված որպես մեղադրյալ։ Քննչական կոմիտեն հաստատո՞ւմ է Աննա Հակոբյանի կողմից հնչեցրած տեղեկությունը։ Եթե ոչ, ապա Աննա Հակոբյանի վերոնշյալ հայտարարությունից հետո Քննչական կոմիտեն ի՞նչ գործողություններ է ձեռնարկել՝ ստուգելու այդ ինֆորմացիայի հավաստիությունը, աղբյուրը։
3. Դասալքության համար մեղադրվողներից քանի՞սն են սպա, քանի՞սը՝ ժամկետային զինծառայող, քանի՞սը՝ պայմանագրային, քանի՞սը՝ կամավորական։
4. Դասալքության հատկանիշներով հարուցված քրեական վարույթներից քանի՞սի նախաքննություն է ավարտվել։
5. Այդ գործերի շրջանակում քանի՞ ազատազրկված, քանի՞ դատապարտված անձ կա։
ՔԿ պատասխանն ամբողջությամբ՝ ավելի ուշ։