ԱՄՆ-ում գործազրկության նպաստի հայտերի թիվը գերազանցել է կանխատեսումը
Անցյալ շաբաթ գործազրկության նպաստ ստանալու համար առաջին անգամ դիմած ամերիկացիների թվաքանակն ավելացել է 13 հազարով՝ հասնելով 242 հազարի: Նման տվյալներ է հայտնել ԱՄՆ-ի աշխատանքի նախարարությունը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «Интерфакс» գործակալությունից:
Ըստ վերանայված տվյալների՝ մեկ շաբաթ առաջ դիմումների թիվը կազմել է 229 հազար, այլ ոչ թե 230 հազար, ինչպես ավելի վաղ հաղորդվում էր։
Փորձագետները միջին հաշվով ակնկալում էին դիմումների թվի աճ մինչև 240 հազար։
Վերջին չորս շաբաթվա ընթացքում հայտերի միջին թիվն աճել է 3500-ով՝ հասնելով 239,25 հազարի։
Գործազրկության նպաստներ ստացող ամերիկացիների թիվն ապրիլի 22-ին ավարտված շաբաթվա ընթացքում նվազել է՝ հասնելով մինչև 1,805 միլիոնի՝ դրան նախորդող շաբաթվա վերանայված 1,843 միլիոնի համեմատությամբ:
Միջին հաշվով փորձագետները նախապես հայտարարված մակարդակից ակնկալում էին 7 հազարով աճ՝ մինչև 1,865 միլիոն։