Բրյունետի երկրորդ փորձը՝ եվրատեսիլյան բեմում
«Եվրատեսիլ 2023»-ի հայաստանյան ներկայացուցիչ Բրյունետը մայիսի 4-ին մրցութային բեմում երկրորդ փորձն է անցկացրել: Այս մասին երգչուհին հայտնել է «Ինստագրամ»-ի իր էջում կատարած հրապարակման միջոցով:
Ավելի վաղ Wiwiblogs-ի հարցման արդյունքում Բրյունետը համարվել էր 2023-ին կայանալիք մրցույթի ամենասիրված կին արտիստը: Հայ մասնակցի օգտին քվեարկել էր հարցվածների 25,98 տոկոսը։
Երկրորդ հորիզոնականում էր Շվեդիայի ներկայացուցիչ Լորինը՝ 13,5 տոկոս ձայնով, իսկ երրորդ տեղում ֆրանսիացի երգչուհի Լա Զարրան էր: Նրա օգտին քվեարկել է հարցման մասնակիցների 8,48 տոկոսը:
«Եվրատեսիլ 2023»-ը կանցկացվի Լիվերպուլում։ Մրցույթի կիսաեզրափակիչները տեղի կունենան մայիսի 9-ին և 11-ին, եզրափակիչը՝ մայիսի 13-ին: Բրյունետը «Future Lover» երգով հանդես կգա երկրորդ կիսաեզրափակիչում 2-րդ համարի ներքո: