ԱՄՆ-ն հիասթափված է հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու Թուրքիայի որոշմամբ
ԱՄՆ-ն կողմ է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը և հիասթափված է հայկական ավիաընկերությունների ինքնաթիռների համար օդային տարածքը փակելու մասին Անկարայի հայտարարության առնչությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղարության խոսնակի առաջին տեղակալ Վեդանտ Պատելը:
«ԱՄՆ-ն վճռականորեն աջակցում է Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորմանը, ինչը, կարծում ենք, կարևոր կլինի ոչ միայն այս երկու երկրների համար, այլև օգտակար կլինի ողջ տարածաշրջանում կայունության համար։ Մենք հիասթափված ենք հայկական ավիաընկերությունների թռիչքների թույլտվությունները կասեցնելու մասին Թուրքիայի հայտարարության առնչությամբ։
Համաձայնությունը, որը նախկինում ձեռք էր բերվել այս երկու երկրների միջև օդային հաղորդակցությունը վերսկսելու վերաբերյալ, վստահության ամրապնդման շատ կարևոր միջոց էր ոչ միայն այս երկու երկրների միջև, այլ, կրկնում եմ, ընդհանուր առմամբ տարածաշրջանային կայունության համար», ասել է Պատելը:
Դիվանագետը նաև հույս է հայտնել, որ Թուրքիան և Հայաստանը կարող են շարունակել վերականգնել տնտեսական կապերն, ինչպես նաև բացել տրանսպորտային կապերը։