Բեռլինի հազարավոր բնակիչների տարհանել են Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբի վնասազերծման պատճառով
Հազարավոր բեռլինցիներ այսօր առավոտյան ստիպված են եղել լքել իրենց տները՝ Ֆրիդրիխսհայնի շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման պատճառով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այդ մասին հայտնում է տեղի ոստիկանությունը Twitter-ի իր էջում։
Ժամը 08:00-ից (Երևանի ժամանակով 10:00-ից) ոստիկանությունը 350 մետր տրամագծով արգելված գոտի է սահմանել Կրաուտշստրասեում ռումբի հայտնաբերման վայրի շուրջը։
«Այսօր մենք տեղեկացնում ենք Ֆրիդրիխսհայնի շրջանում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակների ռումբի վնասազերծման` մեր միջոցների մասին։ Դրա համար ստեղծված է արգելված գոտի։ Բոլորին, ովքեր գտնվում են այդ գոտում, խնդրում ենք լքել այն», - նշված է հաղորդագրության մեջ։
Ընդ որում, ընդգծվում է, որ տեղում հերթապահում է իրավապահ մարմինների մոտ 330 աշխատակից։
Ինչպես գրել է DPA գործակալությունը, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն, ապա այդ շրջանում տարհանումը կարող է ավարտվել մինչև ժամը 11:00-ը (Երևանի ժամանակով 13:00-ը): Այդ դեպքում 100-կիլոգրամանոց ռումբը կարող է վնասազերծվել մինչև ժամը 14:00-ը (Երևանի ժամանակով 16:00-ը), և արգելափակոցները կհեռացվեն։ Ռումբի վնասազերծման գործողության պատճառով դադարեցվել է քաղաքային էլեկտրագնացքների և մերձքաղաքային գնացքների երթևեկությունը: