Ռուսաստանն ու Ուկրաինան հաղորդել են նոր գնդակոծությունների մասին
Կիևում, Օդեսայում և ուկրաինական այլ քաղաքներում գիշերը պայթյուններ են տեղի ունեցել: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով BBC-ին:
Նշվում է, որ Ուկրաինայի ռազմաօդային ուժերի տվյալներով՝ գիշերվա հարձակումն իրականացվել է հարվածային անօդաչու թռչող սարքերով, մասնավորապես՝ իրանական «Շահիդներով». 24 ԱԹՍ-ից 18-ը խոցվել է: Թեհրանը բազմիցս հերքել է պատերազմի ընթացքում Ռուսաստանին ԱԹՍ-ներ մատակարարելու մեղադրանքները:
Տեղական իշխանությունները հաղորդել են, որ Կիևին հարվածած բոլոր ԱԹՍ-ներն ու հրթիռները խոցվել են, իսկ Օդեսայում խոցվել է 15 ԱԹՍ-ներից 12-ը:
Ռուսական կողմն իր հերթին տեղեկացրել է Ուկրաինայի զինված ուժերի կողմից իրականացված հարվածների մասին: Վորոնեժի նահանգապետ Ալեքսանդր Գուսևը հայտնել է, որ վաղ առավոտյան հակաօդային պաշտպանության համակարգը որսացել և ոչնչացրել է ԱԹՍ: Զոհեր և ավերածություններ չկան:
ТАСС-ի փոխանցմամբ՝ Ուկրաինայի ԶՈւ-ն առավոտյան տարբեր տրամաչափի 19 արկ է արձակել Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության բնակավայրերի վրա:
Բացի այդ, ռուսական ԶԼՄ-ները տեղեկացնում են, որ գիշերը ԱԹՍ-ները հարվածել են Ռոստովի մարզում գտնվող Նովոշախտինսկի նավթամթերքի գործարանում և Կրասնոդարի երկրամասում գտնվող նավթավերամշակման գործարանում: Հարվածների հետևանքով հրդեհ է բռնկվել:
Ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 435 օր: