Գյումրիում կրակոցներ արձակելու համար հանրային քրեական հետապնդում է հարուցվել 41-ամյա անձի նկատմամբ
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչությունում իրականացված քննչական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել են Գյումրի քաղաքի Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ կրակոցների արձակման մի շարք հանգամանքներ, ինչպես նաև ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, 2023 թվականի ապրիլի 28-ին՝ գիշերը, հիշյալ խանութ-սրահին կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ կրակոցներ էին հնչել, ինչի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել էր քրեական վարույթ:
Նախաքննության ընթացքում կատարված դեպքի վայրի զննությամբ վերոնշյալ խանութ-սրահի դիմաց հայտնաբերվել էր 15 հատ կրակված փամփուշտի պարկուճ: Վագոն-տնակի պատերին և պատուհաններին հայտնաբերվել էր կրակոցի հետքեր, չօգտագործվող տնակի զննությամբ հայտնաբերվել և վերցվել էր կրակված փամփուշտի մաս կազմող գնդակի շապիկ:
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել է ենթադրյալ հանցագործությունը կատարած անձի ինքնությունը, ով Գյումրի քաղաքի բնակիչ է՝ ծնված 1981թ.:
Ըստ քննությամբ ձեռք բերված տվյալների՝ վերջինս նշված օրը՝ գիշերը, գտնվելով ոգելից խմիչքի ազդեցության տակ, տաքսի ավտոմեքենան կանգնեցրել է Բուլվարային փողոցում գործող խանութ-սրահի մոտ, դուրս եկել, կրակոցներ արձակել կից գտնվող չօգտագործվող վագոն-տնակի ուղղությամբ և հեռացել։
Նախաքննության ընթացքում խուզարկություններ են կատարվել վերջինիս փաստացի բնակության վայր հանդիսացող տնակում և Գյումրի քաղաքի Կրիտյան փողոցում գտնվող տանը, որտեղից հայտնաբերվել և առգրավվել է 7.62 մմ տրամաչափի 14 հատ փամփուշտ:
Ձեռնարկված միջոցառումների արդյունքում հանցագործության գործիք ինքնաձիգը հայտնաբերվել է:
Նշանակվել է դատաձգաբանական և հետքաբանական համալիր փորձաքննություն:
Միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին 41-ամյա տղամարդու նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 3-րդ մասով հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ոստիկանությանը տրվել է հանձնարարություն` առերևույթ հանցագործություն կատարած անձին վարույթն իրականացնող մարմին ներկայացնելու ուղությամբ միջոցներ ձեռնարկելու վերաբերյալ։
Նախաքննությունը շարունակվում է: