Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանային շրջաններում լարվածությունն աճում է
Բրյանսկի մարզում երկրորդ օրն անընդմեջ երկաթուղային գծերի խափանման հետևանքով բեռնատար գնացքը դուրս է գալիս ռելսերից։ Տուժածների մասին տեղեկություններ չկան։
«Ռուսական երկաթուղիների» տվյալներով՝ գնացքի 70 վագոնից 20-ը գծերից դուրս են եկել «երկաթուղային տրանսպորտի աշխատանքին անօրինական միջամտության» պատճառով, գրում է Euronews-ը։
Ուկրաինային սահմանակից Ռուսաստանի տարածաշրջանում արդեն մի քանի ենթադրյալ դիվերսիոն գործողություններ են եղել, որոնց համար Ռուսաստանի իշխանությունները մեղադրում են ուկրաինամետ ակտիվիստներին։
Տարածքում լարվածությունն աճում է, քանի որ Ուկրաինան ավարտում է ռուսական ուժերի դեմ հակահարձակման պատրաստությունը, նշում է լրատվական գործակալությունը: Ուկրաինացի զինվորականները խոստանում են չհանձնել արևելյան Բախմուտ քաղաքը, որտեղ ավելի քան վեց ամիս կատաղի մարտեր են ընթանում։
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ ռուսական զորքերը «ակտիվ» են առաջնագծի ամբողջ երկայնքով։
Նա նաև նշել է, որ ռուսական զինված ուժերն այս տարի արդեն բավականաչափ զինամթերք են ստացել՝ հակառակորդին «արդյունավետ հարված» հասցնելու համար։ Միաժամանակ նախարարը կոչ է արել հնարավորինս արագ կրկնապատկել բարձր ճշգրտության զենք-զինամթերքի արտադրությունը։
Կրեմլն էլ հերքել է ԱՄՆ-ի այն գնահատականները, թե ռուսական բանակը վերջին հինգ ամսվա ընթացքում կորցրել է 100.000 զինվորական, այդ թվում՝ 20.000 զոհված: Նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել է, որ այդ թվերն «ուռճացված են»։