Եվրահանձնաժողովը 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի համար զինամթերքի արտադրությանը
Եվրահանձնաժողովը ևս 1,5 միլիարդ եվրո կհատկացնի Ուկրաինայի համար զինամթերք արտադրելու նպատակով: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Անդամ պետությունների հետ միասին մենք համատեղ ավելի շատ զինամթերք կգնենք Ուկրաինայի համար. այդ նպատակով մենք լրացուցիչ 1 միլիարդ եվրո ենք հատկացնում», - մեջբերում է ԵՀ մամուլի ծառայությունը Եվրամիության գործադիր իշխանության ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լայենի խոսքը:
Բրյուսելը նախատեսում է ևս 500 միլիոն ծախսել Եվրոպայում արկերի արտադրության ընդլայնման վրա։
Բացի այդ, ԵՄ-ի երկրները պարտավորվել են 12 ամսվա ընթացքում մեկ միլիոն հրետանային արկ մատակարարել Կիևին։ Դրա համար մեկ միլիարդ եվրո կհատկացվի Խաղաղության եվրոպական հիմնադրամից:
Մոսկվան քանիցս հայտարարել է, որ Ուկրաինայի համար զենքի առաքումները «օրինական թիրախ կդառնան» Ռուսաստանի զինված ուժերի համար։ ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն ուղղակիորեն մասնակցում են Ուկրաինայի հակամարտությանը, «այդ թվում` ոչ միայն զենքի մատակարարումներով, այլև կադրերի պատրաստմամբ Բրիտանիայի, Գերմանիայի, Իտալիայի և այլ երկրների տարածքում»։