Ռուանդայում 95 մարդ է զոհվել հորդ անձրևների հետևանքով
Ռուանդայի արևմուտքում վերջին 24 ժամում ավելի քան 90 մարդ է զոհվել հեղեղումների և սողանքների հետևանքով, որոնք առաջացել են հորդ անձրևների պատճառով։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Արևմտյան նահանգի նահանգապետ Ֆրանսուա Հաբիտեգեկոն։
«Կատարվում են որոնողափրկարարական աշխատանքներ: Մեր առաջնահերթ խնդիրն է հասնել յուրաքանչյուր վնասված տուն՝ գտնելու և փրկելու ծուղակում հայտնված ցանկացած մարդու», - ասել է նա:
Նահանգապետը նշել է, որ զոհվածների թիվը հասել է 95-ի, մի քանի մարդ փրկվել է և տեղափոխվել հիվանդանոց։
Ինչպես հաղորդում է The New York Times թերթը, տեղատարափ անձրևները, որոնք սողանքներ են առաջացրել երկրի արևմտյան շրջաններում, սկսվել են մայիսի 2-ի երեկոյան և շարունակվել մինչև մայիսի 3-ի առավոտ։ Հեղեղման պատճառով ավերվել են բազմաթիվ տներ, որոշ ավտոճանապարհներ փակ են։
Ռուանդայի օդերևութաբանական ծառայությունը կանխատեսում է, որ առաջիկա օրերին հորդ անձրևները կշարունակվեն երկրի մեծ մասում: