Դեպի Փարիզ տանող ամենագլխավոր կետն աշխարհի առաջնությունն է. Մալխաս Ամոյան
Հայաստանի հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի անդամ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն Մալխաս Ամոյանի հիմնական նպատակը սեպտեմբերին կայանալիք աշխարհի առաջնությունում հաջողության հասնելն է:
«Ուրախ եմ, որ կարողացա Եվրոպայի առաջնության կրկնակի չեմպիոն դառնալ: Այս անգամ ամեն ինչ ավելի բարդ ստացվեց: Հաջողությունս կրկնել հաջողվեց լավ նախապատրաստվելու և մարզիչների հետ աշխատանքի շնորհիվ»,-ասաց նա:
Ամոյանը շեշտեց, որ եզրափակիչ գոտեմարտերն առավել ծանր են տրվում, բայց սերբ մրցակիցը լավ էր նախապատրաստվել, և ինքը գոհ չէ եզրափակիչ գոտեմարտում իր կատարած աշխատանքից:
«Եվրոպայի առաջնությունում այս հաղթանակը ինձ վստահություն է տալիս, որ գալիք մրցաշարերում առավել լավ պատրաստվեմ: Բացերս շատ են, պետք է կարողանամ մարզիչներիս հետ լրացնել, որ կարողանամ աշխարհի առաջնությանն ավելի լուրջ մոտենալ: Դեպի Փարիզ տանող ամենագլխավոր կետն աշխարհի առաջնությունն է»,-ընդգծեց նա: