Իսրայելը Գազայից արձակված 100 հրթիռներին պատասխանել է՝ խոցելով «Համաս»-ի 16 օբյեկտ
Վերջին 24 ժամվա ընթացքում Գազայից 104 հրթիռ է արձակվել Իսրայելի ուղղությամբ: Ինչպես հաստատել է Իսրայելի պաշտպանության բանակը (ԻՊԲ), հարվածներն իրականացրել է «Պաղեստինի իսլամական ջիհադ» կազմակերպությունը՝ «Համաս» շարժման շատ փոքր մասնակցությամբ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է Jerusalem Post պարբերականը:
Ի պատասխան այս հարվածների՝ Իսրայելը 16 ավիահարված է հասցրել՝ հիմնականում թիրախավորելով «Համաս» շարժման օբյեկտները: Ըստ Jerusalem Post-ի՝ այս հարվածներով Իսրայելը Գազայում տեղի ունեցող իրադարձությունների համար պատասխանատվությունը դնում է «Համաս»-ի վրա:
ԻՊԲ-ի հարվածների հետևանքով զոհվել է «Համաս» խմբավորման մեկ անդամ, հարվածի տակ են հայտնվել զենքի պահեստներ, ռազմածովային ուժերի օպերատիվ շտաբը, ստորգետնյա թունելներ և այլ օբյեկտներ:
Գազայից դեպի Իսրայել արձակված հրթիռներից երկուսը հարվածել են Սդերոտ սահմանամերձ քաղաքին, 12 քաղաքացիական անձ վիրավորվել է:
Եգիպտոսի, Կատարի և ՄԱԿ-ի պաշտոնյաների միջնորդությամբ կողմերը հրադադարի համաձայնության են հասել: Այն ուժի մեջ է մտել Իսրայելի ժամանակով առավոտյան ժամը 3:30-ից: Այնուամենայնիվ, Jerusalem Post-ը հայտնում է, որ հրադադարի ուժի մեջ մտնելուց 2 ժամ անց տագնապի ազդանշաններ են հնչել: ԻՊԲ-ի խոսնակը հայտարարել է, որ եթե պաղեստինյան որևէ խմբավորում շարունակի հրթիռներ արձակել Իսրայելի ուղղությամբ, ապա պատասխանի բոլոր տարբերակները հնարավոր են:
Հակամարտության հերթական սրման պատճառ է դարձել Իսրայելի բանտում երեք ամիս հացադուլ հայտարարած Խադեր Ադնանի մահը: Վերջինս «Պաղեստինի իսլամական ջիհադի» առաջնորդներից էր և ձերբակալվել էր փետրվարին՝ ահաբեկչական կազմակերպությանն անդամակցելու և սադրանքներ հրահրելու մեղադրանքներով: