42-ամյա տղամարդը դանակահարել է 2 հոգու․ ՆԳՆ ոստիկանություն
Ապրիլի 30-ին, ժամը 22.25-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած պարեկային ծառայության Երևանի գնդի ոստիկաններից մեկը հայտնել էր, որ Արշակունյաց պողոտայում ավտովթար արձանագրելիս նկատել են դանակահարված քաղաքացու և նրան տեղափոխել են «Աստղիկ» բժշկական կենտրոն։ Չէր ուշացել նաև բուժհաստատության ահազանգը. կտրած-ծակած վերքերով հիվանդանոց էր տեղափոխվել 49-ամյա մի տղամարդ։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Հաղորդում էր ստացվել նաև «Էրեբունի» բժշկական կենտրոնից. շտապօգնության խումբը Արշակունյաց պողոտայից կտրած-ծակած վերքերով բուժօգնության էր տեղափոխել 46-ամյա մի տղամարդու։
Գործի անցան Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները։ Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումներով նրանք պարզեցին, որ ժամը 22.00-ին Արշակունյաց պողոտայի ռեստորաններից մեկի մոտ վիճաբանություն էր եղել։ Միջադեպի ընթացքում Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 42-ամյա բնակիչը կտրող-ծակող առարկայով խփել էր բուժօգնության տեղափոխված 2 տղամարդկանց, որոնք եղբայրներ են: Նա ձերբակալվել և ներկայացվել է Շենգավիթի քննչական բաժին։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ հանցագործության գործիքը հայտնաբերելու ուղղությամբ: Նախաքննությունը շարունակվում է։