ՌԴ ՊՆ-ն Սուդանից Մոսկվա է տարհանել ավելի քան 200 ռուսաստանցիների և ԱՊՀ քաղաքացիների
Ռուսաստանի Դաշնության, ԱՊՀ-ի և բարեկամ երկրների ավելի քան 200 քաղաքացիներ են ժամանել Մոսկվա: Նրանց Սուդանի Հանրապետությունից տարհանել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ինքնաթիռներով։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է ՌԴ պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։
«Սուդանի Հանրապետությունից տարհանված ավելի քան 200 մարդ ժամանել է Մոսկվա... Քաղաքացիների տարհանման համար գործի են դրվել Ռուսաստանի Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի օդանավերը», - ասված է ռազմական գերատեսչության Telegram ալիքում։
Ինչպես նշել են նախարարությունում, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի որոշմամբ Սուդանից տարհանվել են ՌԴ դիվանագիտական առաքելության, ՌԴ պաշտպանության նախարարության ներկայացուցչությունների աշխատակիցներ և նրանց ընտանիքների անդամներ, Ռուսաստանի, ինչպես նաև ԱՊՀ երկրների և մի շարք բարեկամ օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, որոնք դիմել են իրենց՝ հայրենիք վերադառնալու հարցում օգնության խնդրանքով ։
Ավելի վաղ ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ քաղաքացիների տարհանմանը մասնակցել են ՌԴ Օդատիեզերական ուժերի ռազմափոխադրական ավիացիայի չորս Իլ-76 ինքնաթիռներ: