Սեուլում «սոված» ուսանողը թանգարանում կերել է 120 000 դոլար արժողությամբ «արվեստի գործը» (լուսանկարներ)
Սեուլի ազգային համալսարանի ուսանողն այցելել է ժամանակակից արվեստի «Լիում» թանգարան, որտեղ կերել է ցուցանմուշներից մեկը: Նո Հյուն Սու անունով երիտասարդը կերել է իտալացի արվեստագետ Մաուրիցիո Կատելանի աղմկահարույց արտ-ինստայացիան, որը կպչուն ժապավենով պատին կպցված սովորական բանան է: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է CNN-ը։
Ուսանողն իր արարքը բացատրել է նրանով, որ պարզապես սոված է եղել և որոշել է ուտել միրգը: Ուսանողի խոսքով՝ եթե պատին ամրացված բանանը կարելի է անվանել արվեստի գործ, ապա նրա արարքը ևս կարելի է նույն կերպ մեկնաբանել:
Օգտատերերը ոչ միանշանակ են մեկնաբանել երիտասարդի արարքը, սակայն ինքը՝ Մաուրիցիո Կատելանը, հանգիստ է արձագանքել տեղի ունեցածին։
«Խնդիր չկա»,- ասել է նա։
Թանգարանի աշխատակիցները նշել են, որ որևէ քայլ չեն ձեռնարկի ուսանողի նկատմամբ:Որոշ ժամանակ անց կերած բանանը պարզապես փոխարինվել է թարմով։
Ի դեպ, պատին ամրացված բանանը սովորաբար փոխում են երկու-երեք օրը մեկ, որպեսզի այն չփչանա։
Ռեզոնանսային արտ-ինստալյացիան դարձել է ժամանակակից արվեստի ամենահայտնի առարկաներից մեկն աշխարհում։ 2019 թվականի դեկտեմբերին Art Basel Miami Beach-ում պատին ամրացված բանանը վաճառվել էր 120 000 դոլարով: