Հնդկական ավիաընկերությունը Դելի-Թբիլիսի կանոնավոր թռիչքներ կսկսի
Հնդկական IndiGo խոշորագույն ավիաընկերությունը հուլիսի 31-ից կիրականացնի Դելի-Թբիլիսի ուղիղ կանոնավոր չվերթները: Նման տեղեկություն է հաղորդել TAV Georgia ընկերությունը, որը կառավարում է Թբիլիսիի և Բաթումիի օդանավակայանները։ Ընկերության մամուլի ծառայության տեղեկատվությամբ՝ ավիափոխադրողը պլանավորում է շաբաթական երեք չվերթ իրականացնել։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է Sputnik գործակալության վրացական ծառայությունից:
IndiGo-ի ղեկավարությունը հաջորդ շաբաթ կայցելի Վրաստան և TAV Georgia-ի ղեկավարության հետ հանդիպում կունենա չվերթների իրականացման համար անհրաժեշտ տեխնիկական մանրամասների առնչությամբ:
IndiGo-ն Հնդկաստանի ամենամեծ ավիաընկերությունն է, որը հիմնադրվել է 2006 թվականին: Ներկայում այն թռիչքներ է իրականացնում 135 ուղղություններով, որոնցից 77-ը՝ ներքին, իսկ 58-ը՝ միջազգային։
TAV Georgia-ն TAV Airports Holding-ի դուստր ընկերությունն է: Նրա գործունեությունը Վրաստանում սկսվել է 2005 թվականին և գործող պայմանագրով կշարունակվի մինչև 2027 թվականը։