Բռնցքամարտի երիտասարդների ԵԱ. 10 բրոնզե մեդալ և եզրափակչի 3 մասնակից
Երևանում ավարտին մոտեցող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունում այսօր անցկացվել են կիսաեզրափակիչ փուլի մենամարտերը, որոնց արդյունքներով Հայաստանի տղամարդկանց հավաքականի 9 ներկայացուցիչներ արժանացել են բրոնզե մեդալների: Եվս երեք բռնցքամարտիկներ դուրս են եկել եզրափակիչ և կպայքարեն ոսկե մեդալների համար: Այս մասին հայտնել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։
Տղաների պայքարում երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալները նվաճել են Հովհաննես Հարությունյանը (48 կգ), Դավիթ Սաֆարյանը (51 կգ), Էրիկ Առստամյանը (54 կգ), Արթուր Մկրտչյանը (63,5 կգ), Յուրա Բաբլումյանը (67 կգ), Արման Միսկարյանը (71 կգ), Արմեն Պողոսյանը (75 կգ), Իշխան Հովսեփյանը (92 կգ) և գերծանր քաշային Ալբերտ Հարությունյանը:
Աղջիկների պայքարում էլ երիտասարդական ԵԱ-ի բրոնզե մեդալին արժանացել է 48 կգ քաշային Լուսինե Գևորգյանը:
Հայաստանի ևս երեք ներկայացուցիչներ՝ Գոռ Ազիզյանը (57 կգ), Աղվան Ալեքսանյանը (80 կգ) և Դավիթ Սիմոնյանը (86 կգ), վստահ հաղթանակներ են տարել կիսաեզրափակչում և դուրս գալով եզրափակիչ՝ կպայքարեն հաղթողի տիտղոսի համար:
Հայ բռնցքամարտիկների ելույթներին տրիբունայից հետևել են ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը, ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայի նախագահ Հովհաննես Հովսեփյանը, անվանի բռնցքամարտիկներ, մարզաշխարհի այլ ներկայացուցիչներ, բազմաթիվ երկրպագուներ:
«Երիտասարդների Եվրոպայի առաջնության եզրափակիչ մենամարտերը կկայանան մայիսի 3-ին՝ Երևանի «Միկա» մարզահամալիրում: Մուտքն ազատ է»,- ասված է ԿԳՄՍՆ-ի տարածած հաղորդագրության մեջ: