Նյու Յորք նահանգում քաղաքացիներն ավելի քան 3 հազար միավոր զենք են հանձնել նվեր քարտերի դիմաց
Ավելի քան երեք հազար միավոր հրազեն, ներառյալ հրացաններն ու ինքնաշեն զենքերը, հանձնվել են Նյու Յորք նահանգում հատուկ ծրագրի շրջանակներում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է ABC News-ը ՝ վկայակոչելով նահանգի գլխավոր դատախազ Լետիցիա Ջեյմսի հայտարարությունը:
Նախաձեռնության նպատակն է նվազեցնել բնակչության ձեռքին առկա զենքի քանակը և դրանով իսկ նվազեցնել հրազենի կիրառմամբ բռնի հանցագործությունների թիվը: Ծրագիրը ներառում է նվեր քարտերի դիմաց բնակչությունից զենքի ընդունում։
Միջոցառման շրջանակներում ուժային կառույցները որևէ բացատրություն և թույլտվություն չեն պահանջում այն մարդկանցից, ովքեր ցանկանում են հանձնել հրազենը: Առաջին զենքի համար անձը կարող է ստանալ նվեր քարտ՝ 500 դոլար անվանական արժեքով։ Յուրաքանչյուր հաջորդ միավորի համար՝ 150 դոլար:
Բացի այդ, պարգևատրում է նախատեսված 3D տպիչով տպագրված զենքի կամ հնաոճ իրերի համար։
Ատրճանակներն ու հրացանները հնարավոր է հանձնել նահանգի ինը կետերում, այդ թվում ՝ երկուսը Նյու Յորք քաղաքում:
Այսպես, օրինակ, Սիրակուզա քաղաքում հանձնվել է 751 միավոր զենք: Այս բնակավայրում 2023 թվականի առաջին չորս ամիսներին սպանությունների թվի 133 տոկոս աճ է գրանցվել: Բրուքլինի կաթոլիկ դպրոցում առաջին երեք ժամում 90 միավոր զենք են հանձնել: