Արցախի իշխանությունը պետք է հորդորի ՀՀ իշխանությանը զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություններ վարելուց. Մետաքսե Հակոբյան․ News.am
Մենք գիտակցում ենք, որ մենակ ենք մնացել մեր բոլոր խնդիրների ու պրոբլեմների հետ, բայց դա բնավ չի նշանակում, որ պետք է համակերպվենք եւ 100 տարի անց նորից թուրքի յաթաղանն իջնի հայի պարանոցին: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց Արցախի ԱԺ «Արարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:
Հարցին, թե ինչն է պատճառը, որ Արցախում վճռական եւ միասնական դիրքորոշումը չկա, որ Հայաստանի քաղաքականությունը չի նպաստում Արցախը հայկական պահելու հեռանկարին, նա պատասխանեց. «Մենք չենք կասկածում, որ Արցախի իշխանությունները եւս չեն ուզում կորցնել Արցախը, իրենք եւս չեն ուզում որպես դավաճան մնալ պատմության մեջ: Բայց կա մի կարեւոր հանգամանք, չունեն քաջություն դա անելու: Դա պետք է անել մի անգամ եւ առանց վախենալու եւ պատասխանատու լինել հետեւանքների համար:
Չունենալով քաջությունը մերժելու ՀՀ իշխանություններին, այսօր Արցախում իշխանությունը շրջապատել են հենց ՀՀ վարչապետի կողմից նշանակված մարդիկ, եւ որպես ինչ-որ խորհուրդների նախագահ, եւ որպես քաղաքական ուժի ներկայացուցիչ, որը պատերազմի ժամանակ պաշտոնյա էր, եւ որպես խորհրդական: Եթե Արցախի իշխանությունները ժամանակին քաջություն ունենային, այդ մարդիկ այդտեղ հայտնված չէին լինի: Արցախի իշխանությունները դավաճան չեն, բայց թուլակամ են, պետք է հասկանան, որ դա եւս հաղթահարելի է: Արցախի ժողովուրդը հաստատ սատարելու է նման իշխանություններին: Բոլորս ենք գիտակցում, որ փրկվելու միակ ձեւը դա է: Մենք Արցախի իշխանություններին կոչ ենք անում հայտարարել, որ դեմ են Հայաստանի վարած քաղաքականությանը, հետեւաբար հորդորում են զերծ մնալ Արցախի շուրջ բանակցություն վարելուց»: