Ամբողջ Իսպանիայում տեղի կունենան ավելի քան 70 ցույցեր աշխատավարձերի բարձրացման պահանջով
Իսպանիայում ավանդական մայիսմեկյան ցույցերի շրջանակում տեղի կունենան բողոքի ավելի քան 70 ակցիաներ՝ աշխատավարձերի բարձրացման պահանջով «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարել են երկրի խոշոր արհմիությունները։
«UGT արհմիությունը մարդկանց կոչ է անում մասնակցել 70 ցույցերին, որոնք տեղի կունենան ամբողջ երկրում Մայիսի 1-ին՝ Աշխատավորների միջազգային օրը»,- նշվել է «Աշխատավորների համընդհանուր միության» (UGT) «Թվիթերում»։
«Բարձրացնել աշխատավարձը, իջեցնել գները, կիսել շահույթը» կարգախոսներով թագավորության արհմիություններն այս տարի կենտրոնացել են աշխատավարձի բարձրացման անհրաժեշտության վրա՝ մեղմելու համար գնողունակության կորուստը գնաճի ճգնաժամի պայմաններում, որը նրանք կապում են «ընկերությունների չափից ավելի շահույթների» հետ։
«Մեզ հարկավոր է արժանի աշխատավարձ, որը կբարձրանա գնաճին համապատասխան՝ երաշխավորելով գնողունակությունը։ Դրա համար անհրաժեշտ է որոշում աշխատավարձի երաշխիքների մասին»,- նշվել է արհմիությունների համատեղ մանիֆեստում։
Չնայած հիմնական պահանջները վերաբերում են աշխատավարձին և գործատուների CEOE ասոցիացիայի հետ բանակցությունների վերսկսմանը, արհմիությունները նաև առաջ են քաշում մի շարք այլ պահանջներ։ Օրինակ, նրանք կառավարությանը կոչ են անում վերաբաշխել եկամուտները՝ հօգուտ կարիքավոր ընտանիքների։
Մադրիդի ցույցին, որը տեղի է ունենալու Գրան Վիա կենտրոնական փողոցից մինչև Իսպանիայի հրապարակ ընկած տարածքում, մասնակցելու են երկրորդ փոխվարչապետ և զբաղվածության նախարար Յոլանդա Դիասը և ֆինանսների նախարար Մարիա Մոնտերոն։