Գորբաչովը մեզ վրա մատ թափ տվեց, անվանեց «անթրաշ ծայրահեղականներ» ու հեռացավ. Գորբաչովից մինչև Պուտին
Սարսափելի է ու վտանգավոր, երբ ազգի ու երկրի ճակատագիրը կախված է մի մարդուց, մի ղեկավարից: Նողկալի է եվ անտանելի, երբ այդ մարդը' այլ երկրի ղեկավարն է:
Այս օրերին ոչ միայն Հայաստանում եւ Ուկրաինայում են հիշատակում Ռուսաստանի նախագահ Պուտինին: Որոշ արեւմտյան շրջանակներից նա ստացել է “աշխարհի ամենաազդեցիկ մարդու” կոչումը: Դեկտեմբերի սկզբին նա այցելելու է Հայաստան: Զարմանալի է , որ քչերն են հիշել այս կապակցությամբ Կրեմլի մեկ այլ ղեկավարի, ով այցելել էր մեզ 25 տարի առաջ' Միխաիլ Գորբաչովին: Նա էլ էր ժամանակին ճանաչվում “աշխարհի մարդ”, “տարվա մարդ”, “տասնամյակի մարդ”: Ընդ որում' որքան շատ էին նրան հավանում արտասահմանում, այնքան շատ էին նրան ատում Խորհրդային Միությունում: Ավարտը հայտնի է' Խորհրդային Միությունը փլվեց, իսկ Գորբաչովը ստացավ Նոբելյան մրցանակ, միգուցե հենց դրա համար: Վերջերս խոսակցություններ են հնչում, որ Պուտինը նույնպես արժանի է Նոբելյան մրցանակի' իբրեւ թե Սիրիայի պատերազմում նրա դերակատարության համար: Միաժամանակ, ավելի ու ավելի շատ մարդիկ Ռուսաստանում են խոսւոմ իրենց երկրում նրա կործանարար դերի մասին' համատարած գողության ու կաշառակերության, օլիգարխիայի ու անօրինականության, տնտեսական հետընթացի ու բարոյական անկման, կգբ-ոստիկանական ամենթողության ու մարդու իրավունքների ոտնահարման համար: Այն, ինչ այսօր ասվում է իր հասցեին Կիեւում, Թիֆլիսում կամ Երեւանում' նույնպես հայտնի է: Եվ այս պայմաններում Պուտինը այցելում է նույն թալանի, կաշառակերության ու անօրինականությունների պատճառով կործանվող Հայաստան, ինչպես 25 տարի առաջ Գորբաչովն էր այցելել երկրաշարժից քանդված մեր երկիր: Գորբաչովին այստեղ ընդունեցին անհյուրընկալ' ավերակների տակից հրաշքով փրկված մարդիկ խոսում էին նրա հետ Արցախի ազատության ու ազգի իրավունքների մասին: Գորբաչովը մեզ վրա մատ թափ տվեց, անվանեց «անթրաշ ծայրահեղականներ» ու հեռացավ:
Պուտինի վերաբերմունքը մեզ մոտավորապես նույնն է, առավել եւս որ նա անձամբ աջակցում էր մեր հայրենիքը թալանող ու վաճառող "գործիչների" վերելքին ու ապահովությանը: Մոսկվայի մոտեցումը 25 տարվա ու միգուցե 200 տարվա ընթացքում չի փոխվել: Փոխվե’լ ենք, արդյոք, մենք? 25 տարի առաջ այստեղից էր սկսվել Սովետի փլուզումը, քանզի ազգը գիտակցեց, որ նրա իրավունքները, անվտանգությունն ու ազատությունը այլեւս չի երաշխավորվում կայսրության կողմից ու հետայսու կախված է միմիայն մեր սեփական ուժերից ու կամքից: Արդյոք, մոռացանք մենք դա? Թե մեզ դավաճանած “ղեկավարները” կարողացան այդքան վարկաբեկել անկախության ու ազատության գաղափարները, որ Հայրենիքում դեռեւս մնացած մեր ազգի մասը այլեւս չի հավատում ոչ սեփական ուժերին, ոչ կամքին?
Գորբաչովը կարծես թե հավատում էր, որ փրկում է Խորհրդային Միությունը' Սումգաիթում, Բաքվում, Թիֆլիսում, Վիլնյուսում: Պուտինը, կարծես թե, հավատում է, որ կարող է կրկին հավաքել “Մաքսային” կոչվող միությունը եւ “փրկում” է այն Վիլնյուսից, Կիեւից, Երեւանից... Գորբաչովին դա չի հաջողվել, քանի որ ազգերն ու անհատները չենթարկվեցին ուժի ու վախի գործոններին' չկար արդեն այն ուժն ու վախը: Պուտինը գազով ու նավթով է փորձում փոխարինել վախն եւ ուժը: Սակայն գազն ու նավթը վերջանում են ու փոխարինվում շատ ավելի արագ քան իրական վստահությունը, էլ չեմ ասում ' սերը: Ինչպես երգում էր հայտնի նվագախումբը' Can’t buy me love..
Տիգրան Խզմալյան. ֆեյսբուք