Երեւանի կենտրոնում անկանոն երթեւեկված «Համերի» վարորդի կալանքը 2 ամսով երկարացվել է. News.am
Հանրապետության հրապարակում փետրվարի 10-ի գիշերը երթեւեկության կանոնները կոպտորեն խախտած «Համեր» մակնիշի ավտոմեքենայի վարորդ Գեղամ Սահրադյանի կալանքը երկու ամսով երկարացվել է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը:
Նախաքննական մարմինը միջնորդություն էր ներկայացրել նրա կալանքի երկարացնելու վերաբերյալ, ինչը դատարանը բավարարել էր: Վարորդը շարունակում է մնալ քրեակատարողական հիմնարկում:
Հիշեցնենք, որ փետրվարի 10-ին՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում «Համեր» մակնիշի մեքենայի վարորդը կոպիտ կերպով խախտել է ճանապարհային երթեւեկության կանոնները, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, մեքենան վարել է ոստիկանների եւ քաղաքացիների ուղղությամբ, նրանց կյանքի եւ առողջության համար վտանգավոր գործողություններ կատարել: Մեքենայի ընթացքը կանգնեցնելու նպատակով գործադրվել է հրազեն անվադողերի ուղղությամբ:
Նրան մեղադրանք էր ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2 մասի 6 կետով, 297-րդ հոդվածի 1 մասով, 396-րդ հոդվածի 2 մասով, 452-րդ հոդվածի 3-րդ մասով։
«Համերի» վարորդը Արարատի մարզի Արարատ քաղաքի բնակիչ 25-ամյա Գեղամ Սահրադյանն է:
Հասարակության շրջանում տարակուսանք եւ քննադատություն էր առաջացրել այն, որ Երեւանի կենտրոնում մի քանի տասնյակ ոստիկանական մեքենաներ եւ ծառայողներ չէին կարողանում վնասազերծել հանրության համար սպառնալիք ներկայացնող եւ ոստիկանին վրաերթի ենթարկած օրինազանց վարորդին: