Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում․ Գուրգեն Ներսիսյան
Այսօր Մարտակերտի շրջանում ուժեղ կարկուտ է տեղացել․ տարածքային կառավարման մարմնի և պետական լիազոր մարմինների կողմից վաղվանից սկսվելու են բնակիչներին պատճառված վնասների գնահատման աշխատանքները: Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։
Նա նշել է, որ պետությունը ձեռնարկելու է բոլոր հնարավոր միջոցները «մեր քաղաքացիների առջև բնական աղետի հարուցած խնդիրները մեղմելու ուղղությամբ»:
«Արցախը Հայաստանին կապող ճանապարհի արգելափակման հետևանքով արցախցին բազմաթիվ զրկանքներ է կրել: Դրանցից են նաև այսպիսի իրավիճակները, երբ այս կամ այն արհավիրքին համատեղ ուժերով արձագանքելու և հետևանքները մեղմելու գործում քաղաքացիների ու պետական մարմինների առջև ծագում են բազմաթիվ խնդիրներ, քանի որ արգելափակված են անհրաժեշտ պարագաները Արցախ հասցնելու հնարավորությունները:
Երբ բնական աղետներից հետո աշխարհի նույնիսկ ինքնաբավ երկրներն աջակցություն են ստանում հարևան երկրներից, Արցախը երևի միակն է, որը դիտավորությամբ մեկուսացված է աշխարհից նույնիսկ հումանիտար հարցերում»,- գրել է Արցախի պետնախարարը։