Իտալիայում ՀՀ դեսպանը երախտագիտության մեդալ հանձնեց Ֆարինային՝ Արցախյան պատերազմը լուսաբանելու համար
Իտալիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Ծովինար Համբարձումյանը իտալացի գրող, լրագրող Ռենատո Ֆարինային հանձնեց Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրով շնորհված երախտագիտության մեդալը՝ Հայաստանի և Իտալիայի միջև բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման, համամարդկային արժեքների պաշտպանության գործում ներդրված ավանդի համար։ Տեղեկանում ենք դեսպանության տարածած մամուլի հաղորդագրությունից։
Արարողությանը ներկա էին շուրջ երկու տասնյակ հյուրեր՝ Իտալիայի ներկա և նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, լրագրողներ, հասարակական գործիչներ։
ՀՀ դեսպանն իր ելույթում բարձր գնահատեց Ռենատո Ֆարինայի սկզբունքային դիրքորոշումը համամարդկային արժեքների առաջմղման հարցում, ընդգծեց Հայաստանի և հայկական հարցի վերաբերյալ իրադարձություններն ու պատմական իրողությունները վերհանելու, հայկական մշակութային արժեքներն ի ցույց դնելու և իտալական հասարակությանն իրազեկելու հարցում վերջինիս ունեցած դերը։
ՀՀ դեսպանն ականավոր գործչին երախտագիտություն հայտնեց Հայաստանի և հայ ժողովրդի նկատմամբ մշտապես ցուցաբերած իր նվիրվածության համար՝ թե՛ նախկինում որպես պատգամավոր և թե՛ ներկայումս որպես ազատ լրագրող և գործիչ, ում համար սպառնալիքները երբևէ խոչընդոտ չեն եղել Արցախյան պատերազմին և դեռևս շարունակվող ադրբեջանական ագրեսիային առնչվող իրողությունները բարձրաձայնելու հարցում։