Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը Դին Լիժենն է
Շախմատի աշխարհի 17-րդ չեմպիոնը չինացի Դին Լիժենն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում ընթացող շախմատի աշխարհի չեմպիոնի մրցաշարի դասական պարտիաներն ավարտվել էին ոչ-ոքի`7:7 հաշվով և ՖԻԴԵ-ի դրոշի ներքո հանդես եկող Յան Նեպոմնյաշչին և Չինաստանի ներկայացուցիչ Դին Լիժենը չեմպիոնական տիտղոսը վիճարկեցին թայ-բրեյքում: Լիժենին հաջողվեց թայ-բրեյքի 4-րդ պարտիայում հաղթանակի հասնել սև խաղաքարերով և հռչակվել աշխարհի նոր չեմպիոն:
Յան Նեպոմնյաշչին 32 տարեկան է: Գրոսմայստերի նորման լրացրել է 2007 թվականին: Ռուսաստանի հավաքականի կազմում երկու անգամ դարձել է աշխարհի թիմային առաջնության հաղթող, ինչպես նաև Եվրոպայի թիմային առաջնության ոսկե մեդալակիր է: Նա ՖԻԴԵ-ի դասակարգման աղյուսակում երկրորդն է և զիջում է միայն աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենին:
Դին Լիժենը 30 տարեկան է: Գրոսմայստերի նորման լրացրել է 2009 թվականին: Նա չինացի շախմատիստներից ունի ամենաբարձր վարկանիշն աշխարհի լավագույնների շարքում:
Լիժենն իրավունք ստացավ պայքարելու աշխարհի չեմպիոնի մրցախաղում այն բանից հետո, երբ աշխարհի 16-րդ չեմպիոն Մագնուս Կարլսենը հրաժարվեց չեմպիոնական մրցախաղից և ՖԻԴԵ-ն որոշեց, որ մրցախաղը կանցկացվի հավակնորդների մրցաշարի հաղթող Յան Նեպոմնյաշչիի և երկրորդ տեղը զբաղեցրած Դին Լիժենի միջև: