Տոնական հանդիսությամբ նշվել է Պարի միջազգային օրը
Պարի միջազգային օրվա առթիվ ապրիլի 29-ին Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում կազմակերպվել է տոնական հանդիսություն՝ տարբեր պարային խմբերի, պետական անսամբլների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:
Միջոցառման մեկնարկը տրվել է կարմիր գորգի արարողությամբ։
Միջոցառմանը ներկա է եղել նաև ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը հանդես է եկել ողջույնի խոսքով.
«Այսօր ևս մի հրաշալի առիթ է, որ մեծարենք պարը։ Պարն արվեստի այն լեզուն է, որը հասկանալի է բոլորին՝ անկախ կրոնական, ազգային պատկանելիությունից, անկախ բոլորիս տարբերություններից։ Պարը մեր ազգային ինքնության մի մասն է, որը ուղեկցել է մեզ ողջ պատմության ընթացքում։ Շատ ուրախ եմ, որ մեր մշակութային քաղաքականության շրջանակում հետևողականորեն աջակցում ենք ամենատարբեր համույթներին, կոլեկտիվներին, երիտասարդ կատարողներին, պարուսույցներին, և որ աջակցությունը դրսևորվում է նաև պարի հանրահռչկմամբ արտերկրում։ Վստահ եմ, որ այս ոլորտում շատ անելիքներ ունենք, և միշտ պետք է հիշենք ոլորտի երախտավորներին, ովքեր ձևավորել են լավագույն ավանդույթները»։
Նախարարի խոսքով՝ դեռ շատ անուններ ենք լսելու, որոնք շարունակելու են պահել պարարվեստի ոլորտի երկարամյա ավանդույթներն ու բարձր որակը։
Համերգային երեկոյին հանդես են եկել Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնի «Բարեկամություն», Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի և Պարի պետական անսամբլները, ինչպես նաև Երևանի պարարվեստի պետական քոլեջը և Ալ․ Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի ազգային բալետային խումբը։
Ներկայացվել են տեսաշարեր՝ նվիրված պարարվեստի ոլորտի նվիրյալներին։
2023 թվականը հոբելյանական է․ նշվում են Սրբուհի Լիսիցյանի 130-ամյակը, Էդվարդ Մանուկյանի 115-ամյակը, Թերեզա Գրիգորյանի 100-ամյակը, Ազատ Ղարիբյանի 100-ամյակը, Արտյուշա Կարապետյանի 95-ամյակը, ինչպես նաև Թ․ Ալթունյանի անվան երգի-պարի անսամբլի 85-րդ և Պարի պետական անսամբլի 65-րդ հոբելյանները։
Միջոցառումը կազմակերպել էր նորաստեղծ Ժողովրդական երաժշտության և պարի ազգային կենտրոնը՝ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ և «Զարկ» ժողովրդական երաժշտության և պարի աջակցման հիմնադրամի հետ համատեղ։