Էրդողանը ներկայացրել է դեպի Միջազգային տիեզերակայան թռիչքին պատրաստվող թուրքերին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 29-ին Ստամբուլում կազմակերպված Teknofest տեխնոլոգիական փառատոնի շրջանակում ներկայացրել է երկու թուրք թեկնածուների, ովքեր պատրաստվում են թռնել դեպի Միջազգային տիեզերակայան։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Անադոլու» գործակալությունը, Էրդողանը հայտնել է, որ 14-օրյա թռիչքի հիմնական թեկնածուն թուրքական օդուժի օդաչու Ալպեր Գեզերավջին է, իսկ մյուս թեկնածուն՝ Թունա Ջիհանգիր Աթասևերը, ով թուրքական տիեզերական ծրագրում աշխատում է որպես համակարգային ադմինիստրատոր։
Թուրքիայի նախագահը հայտնել է, որ թռիչքը ծրագրված է 2023-ի վերջին։
2021 թվականին Էրդողանը հայտարարել էր ազգային տիեզերական ծրագրի մասին, որը ենթադրում է տիեզերագնացների պատրաստում, ինչպես նաև սեփական հրթիռի ուղարկում դեպի Լուսին: Անկարան մտադիր է այս նախագծի վրա ծախսել մոտ 6 մլրդ դոլար։
2022 թվականի սեպտեմբերին Թուրքիան և ամերիկյան Axiom Space ընկերությունը պայմանագիր են ստորագրել առաջին թուրք տիեզերագնացին տիեզերք ուղարկելու մասին։