Թուրքիայի ընդդիմության նախագահի միասնական թեկնածուն հաղթանակի դեպքում կվերսկսի ԵՄ անդամակցելու գործընթացը
Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետաժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն, ով առաջիկա նախագահական ընտրություններում առաջադրել է իր թեկնածությունը, մտադիր է հաղթանակի պարագայում հնարավորինս արագ վերսկսել Եվրամիության անդամ դառնալու բանակցային գործընթացը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին քեմալական կուսակցության ղեկավարը խոսել է Financial Times պարբերականի հետ զրույցում։
Քըլըչդարօղլուն նշել է, որ միևնույն ժամանակ Թուրքիան շարունակելու է տնտեսական հարաբերություններ պահպանել Ռուսաստանի հետ, թեպետ նա ու իր դաշնակիցները սխալ են համարում Ուկրաինայում ՌԴ կողմից իրականացվող ռազմական գործողությունները։
Ընդդիմության առաջնորդը հայտարարել է, որ իր նախագահության նպատակն է՝ թույլ չտալ Թուրքիան վերածել ավտորիտար երկրի, վերականգնել ժողովրդավարական ինստիտուտները ու սկսել լրջորեն զբաղվել երկրի տնտեսական խնդիրներով։
«Դատարանների անկախությունը, ԶԼՄ-ների, խոսքի ազատությունը պետք է վերականգնվի։ Մեր առաջնահերթություններն են ազատությունն ու ժողովրդավարությունը»,- ասել է նա՝ հավելելով, որ երկիրը չի կարող «ևս 5 տարի կորցնել» Էրդողանի իշխանության տակ։
Ընդդիմության միասնական թեկնածուն նշել է, որ հավանական են խախտումներ մայիսի 14-ին կայանալիք խորհրդարանական ու նախագահական ընտրություններում։ «Մենք թույլ չենք տա գողանալ ընտրությունները։ Մենք չենք վստահում Էրդողանին ու Բարձրագույն ընտրական հանձնաժողովին։ Այդ պատճառով վերջին մեկ ու կես տարին աշխատել ենք՝ պաշտպանելու խախտումներից բոլոր ընտրատեղամասերը»,- հայտնել է Քըլըչդարօղլուն։