Միջմոլորակային JUICE կայանը չի կարողացել ամբողջությամբ բացել իր գլխավոր գործիքը
Եվրոպական միջմոլորակային JUICE կայանը չի կարողացել ամբողջությամբ բացել RIME ռադարային սարքի ալեհավաքը, որը նախատեսված է Յուպիտերի արբանյակների կառուցվածքն ուսումնասիրելու համար: Պատճառը կարող է լինել բույթի անշարժությունը։ Եթե դա հաստատվի, ապա գիտնականները կունենան ևս երկու ամիս խնդիրը լուծելու համար։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Եվրոպական տիեզերական գործակալությունը (ESA):
JUICE-ը (Jupiter Icy Moons Explorer) Տիեզերք է ուղարկվել 2023 թվականի ապրիլի 14-ին, նրա հիմնական նպատակը Յուպիտերի Եվրոպա, Գանիմեդ և Կալիստո արբանյակների ուսումնասիրությունն է։ Կայանն ուսումնասիրելու է Յուպիտերի արբանյակների ներքին կառուցվածքը, գրավիտացիոն դաշտերը, մակերևույթների կազմությունը և մորֆոլոգիան, էկզոլորտները և մագնիսական դաշտերը։ Միևնույն ժամանակ, JUICE-ը կփորձի հասկանալ, թե արյդոք դրանց մակերևույթների տակ կան հեղուկ ջրի օվկիանոսներ, որոնք կարող են լինել պոտենցիալ բնակելի։
RIME (Radar for Icy Moons Exploration) գործիքի ծալված 16 մետրանոց ալեհավաքի ամբողջական բացումը սկսվել է ապրիլի 14-ին, սակայն հնարավոր չի եղել ճիշտ ժամկետում ավարտել։ Ալեհավաքի ներկայիս երկարությունը կազմում է ընդհանուր երկարության մոտ մեկ երրորդը: RIME-ը ապարատի ամենակարևոր գործիքներից մեկն է, այն ցածր հաճախականության ռադար է, որը կարող է հետազոտել Յուպիտերի արբանյակների կեղևի կառուցվածքը մինչև ինը կիլոմետր խորության վրա:
Հետազոտողները մտադիր են փորձել միացնել կայանի շարժիչները և պտտել այն, որպեսզի հնարավոր լինի ալեհավաքն ամբողջությամբ բացել։ Դրա համար նրանք ևս երկու ամիս ունեն։