Էրդողանն ու ընդդիմության թեկնածու Քըլըչդարօղլուն Ստամբուլում միաժամանակ հանրահավաքներ կանցկացնեն
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և մայիսի 14-ի ընտրություններում նրա գլխավոր մրցակից՝ ընդդիմության միասնական թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, ընտրություններից մեկ շաբաթ առաջ հանրահավաք կանցկացնեն Ստամբուլում՝ նույն օրը և նույն ժամին:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին տեղեկացնում է թուրքական Haberler.com-ը:
Ըստ աղբյուրի՝ միակ տարբերությունը կլինի անցկացման վայրը:
Թուրքիայում նախագահական և խորհրդարանական ընտրությունները նախատեսված են մայիսի 14-ին: Թեկնածուների ամփոփիչ ցուցակում ընդգրկվել են գործող նախագահ, 69-ամյա Էրդողանը ՝ որպես «Հանրապետական դաշինքի» թեկնածու, ընդդիմադիր «Ժողովրդական դաշինք»-ի թեկնածու 74-ամյա Քեմալ Քըլըչդարօղլուն, ինչպես նաև «Memleket» կուսակցության առաջնորդ 58-ամյա Մուհարեմ Ինջեն և «ATA» դաշինքի 55-ամյա թեկնածու Սինան Օհանը:
Ընտրությունների երկրորդ փուլը, եթե թեկնածուներից ոչ մեկը չհավաքի ձայների 50 տոկոսից ավելին, տեղի կունենա մայիսի 28-ին: