Արտակ Գալստյանին քննչական կոմիտեում 7-8 հոգով ծեծել են՝ ֆիզիկական ներգործություն, հարվածներ, կտտանքներ սարքերի միջոցով․ փաստաբան
«Հանրային ձայն» կուսակցության համանախագահ Արտակ Գալստյանը, որը կալանավորված է շորթում կատարելու մեղադրանքով, խոշտանգվել է։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է իրավապաշտպան, «Իրավական ուղի» ՀԿ համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը։
«Փաստաբան Արսեն Մկրտչյանից տեղեկացել եմ կալանավորված մեղադրյալ Արտակ Գալստյանի նկատմամբ ՀՀ քննչական կոմիտեում վերջին օրերին տեղի ունեցած խոշտանգման փաստերի մասին։
Փաստաբանի հայտնած տեղեկությունները գնահատում եմ արժանահավատ՝ թե՛ կոնկրետացվածության, թե՛ անուղղակի ապացույցների առկայության (circumstantial evidence) և թե՛ աղբյուրի հավաստիության տեսակետից։
Խոշտանգման արգելքը կրում է բացարձակ բնույթ, և այդ արգելքի ոտնահարումը սկզբունքորեն անհամատեղելի է ժողովրդավարության գաղափարի հետ ինքնին։ Ուստի նման երևույթների մասին արժանահավատ տեղեկությունները պետք է արժանանան պատշաճ ուշադրության՝ կա՛մ հիմնավոր հերքվեն, կա՛մ հաստատվելով պատժվեն, որպեսզի անպատժելիությունը չհանգեցնի այդ անմարդկային երևույթի տարածման։ Որպեսզի «արյան հոտը» իրավապահ մարմիններում չդառնա սովորական։
Չպատժված խոշտանգման հաջորդ զոհը կարող է դառնալ յուրաքանչյուրս։ Այդ թվում հենց դու՛»,- գրել է նա։
Tert.am-ի հետ զրույցում փաստաբան Արսեն Մկրտչյանն ասաց, որ Արտակ Գալստյանը ծեծի է ենթարկվել Երևան քաղաքի քննչական վարչությունում։ «7-8 հոգով ծեծել են՝ ֆիզիկական ներգործություն, հարվածներ, կտտանքներ սարքերի միջոցով։ Փաստացիորեն պաշտոնանար անձանց կողմից կազմակերպված անօգնական վիճակի մեջ են դրել, հարցածենր են հասցրել, որի հետևանքներն անձամբ տեսել եմ։ Աչքի հատվածում, մարմնի վրա այտուցներ կապտուկներ կան։ Տեսանելի է ծանր վիճակը»,- ասաց փաստաբանը։
Գալստյանի պաշտպանն ասաց, որ դեպքը տեղի է ունեցել երեկ ժամը 22։13-ից մինչև 23։54-ն ընկած ժամանակահատվածում, հարցաքննությունից հետո։
Մկրտչյանը դժվարացավ գնահատել իր պաշտպանյալի վիճակը, սակայն նշեց․ «Չեմ կարող ասել՝ ինչ ծանրության է, բայց մեկուսարանի բժշկուհու հայացքից հասկանալի էր, որ ծանր վնասվածքներ են»։
Փաստաբանը նաև ասաց, որ դեպքը լեզվակռվով չի սկսել։ «Ուղղակի ծեծել են։ Արտակ Գալստյանն իրեն շատ պարկեշտ է պահում քննիչների, իրավապահների հետ առնչվելիս, աշխատում է չսադրել, որովհետև գիտի, որ կարող են խոշտանգել»:
Ռուբեն Մելիքյանի գրառմանն արձագանքել է նաև նախկին պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։ «Ինձ ևս փոխանցվել է Արտակ Գալստյանի նկատմամբ քննչական կոմիտեում խոշտանգման մասին տեղեկություն, ընդ որում՝ էլեկտրաշոկի պարբերական օգտագործմամբ»,- գրել է նա։