Ալյասկայում բախվել են ԱՄՆ ռազմաօդային ուժերի 2 ուղղաթիռներ, կան զոհեր
ԱՄՆ-ի Ալյասկայի նահանգում երկու ամերիկյան ռազմական ուղղաթիռ է կործանվել: Դեպքի հետևանքով երեք զինվոր է զոհվել, մեկը՝ վիրավորվել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հաղորդում է Associated Press գործակալությունը:
Երկու AH-64 Apache ուղղաթիռները վարժական թռիչքից վերադառնալիս Հիլի բնակավայրի շրջանում բախվել են իրար: Յուրաքանչյուր ուղղաթիռում եղել է երկու մարդ: Ըստ բանակի հայտարարության՝ զինվորներից երկուսը զոհվել են տեղում, մեկը՝ հիվանդանոցի ճանապարհին: Չորրորդ զինվորը հիվանդանոցում բուժում է ստանում:
Ուղղաթիռները տեղակայված են եղել ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի Ֆորթ Ուեյնրայթ բազայում։
Կատարվում է հետաքննություն դեպքի հանգամանքները պարզելու համար։
Associated Press-ը հիշեցնում է, որ սա այս տարի Ալյասկայում ռազմական ուղղաթիռների մասնակցությամբ երկրորդ վթարն է: Փետրվարին երկու զինվոր վիրավորվել էր, երբ Apache ուղղաթիռը վերելքից հետո շրջվել էր: