Հռոմի պապը հանդիպել է Ուկրաինայի վարչապետի հետ
Հռոմի Ֆրանցիսկոս պապն այսօր Վատիկանում ընդունել է Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալին։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
Սա Ուկրաինայի կառավարության ղեկավարի երկրորդ այցն է Առաքելական պալատ. առաջին անգամ Շմիգալը Վատիկան է այցելել 2021 թվականի մարտի 25-ին։
Սուրբ Աթոռն այս հանդիպման մասին առայժմ պաշտոնական հայտարարություն չի տարածել։ Ինչպես հայտնի է դարձել լրագրողներին, զրույցը տևել է շուրջ կես ժամ։ Հռոմի պապն ու Ուկրաինայի վարչապետը հուշանվերներ են փոխանակել։ Քահանայապետի մոտ տեղի ունեցած ունկնդրությունից հետո Շմիգալը մեկնել է Վատիկանի պետքարտուղար կարդինալ Պիետրո Պարոլինի հետ հանդիպման։
Շմիգալը և Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան ապրիլի 27-ին ժամանել են Հռոմ՝ մասնակցելու Ուկրաինայի վերականգնմանը նվիրված երկկողմ խորհրդաժողովին, որին մասնակցել են շուրջ 700 ընկերությունների և արդյունաբերական ձեռնարկությունների ներկայացուցիչներ։