Կորեայի նախագահը Սպիտակ տանը երգել է «Ամերիկյան կարկանդակ» հիթը, իսկ Բայդենը` երգի հեղինակի ստորագրությամբ կիթառ նվիրել
Հարավային Կորեայի Յուն Սոկ Յոլը Սպիտակ տան պետական ընթրիքի ժամանակ երգել է 1970-ականների ամերիկյան «Ամերիկյան կարկանդակ» (American pie) հիթը։ Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Reuters-ն ու տեսանյութ հրապարակել։
Չորեքշաբթի օրը Սպիտակ տանը տոնական ընթրիքի ավարտին նախագահ Ջո Բայդենը, առաջին տիկին Ջիլ Բայդենը, նախագահ Յունը և նրա կինը՝ Կիմ Քեոն Հին, Արևելյան սենյակից տեղափոխվել են Պետական ճաշասենյակ՝ երեկոյան ժամանցի համար։
Երբ երգիչները վերջացրել են իրենց կատարումը Սպիտակ տանը, նախագահ Բայդենն ու նախագահ Յունը բեմ են բարձրացել։
Բայդենը Յունին ասել է, որ չգիտեր, թե նա կարող է երգել, իսկ հետո նրան նվիրել է «Ամերիկյան կարկանդակ» երգի հեղինակ Դոն Մաքլինի ստորագրությամբ կիթառ:
Բայդենն ու Յուն Սուկ Յոլը չորեքշաբթի Սպիտակ տանը հայտարարել էին առանցքային նոր համաձայնագրի կնքման մասին, որը նպատակ ունի զսպել Հյուսիսային Կորեայի ագրեսիան, ներառյալ ԱՄՆ-ի նոր պարտավորությունը՝ միջուկային զենքով սուզանավ տեղակայել Հարավային Կորեայում առաջին անգամ 1980-ականների սկզբից ի վեր։ Սպիտակ տանը կայացած համատեղ մամուլի ասուլիսում ԱՄՆ նախագահն այս համաձայնագիրն անվանել էր «երկաթապատ» դաշինք երկու երկրների միջև։