Դատարանը որոշել է արգելել «Ազատության» ղրղզական ծառայության գործունեությունը
Ապրիլի 27-ին Բիշքեկի դատարանը որոշում է կայացրել արգելել «Ռադիո Ազատ Եվրոպա/Ռադիո Ազատություն» մեդիա կորպորացիայի ղրղզական ծառայության գործունեությունը Ղրղզստանում: Tert.am-ի փոխանցմամբ՝ այս մասին գրել է Радио Свобода-ն։
Ղրղզստանի մայրաքաղաքի դատարանը բավարարել է երկրի մշակույթի նախարարության պահանջը։ Մշակույթի նախարարությունը պնդում էր, որ մեդիակորպորացիայի կայքերում տեղադրված տեսանյութում միակողմանիորեն նշվում է տաջիկական կողմի դիրքորոշումը։
Լրատվական կորպորացիայի ղեկավարությունը Բիշքեկի իշխանությունների քայլը որակել է «ազատ լրատվամիջոցների հետապնդում», որը «խարխլում է Ղրղզստանում ժողովրդավարությունը»՝ հավելելով, որ չեն ենթարկվի ճնշումներին։
Որոշումն ընդունվել է անցած տարվա հոկտեմբերին ղրղզերեն և ռուսերեն Ռադիո «Азаттык» կայքերի արգելափակումից հետո։ Մինչ այս «Ազատություն» ռադիոկայանը հրաժարվել էր իր կայքերից հեռացնել Ղրղզստան-Տաջիկական սահմանին մահացու ելքով բախումների կադրերը։