Աշխարհում տիրող իրադրությունը ՀԱՊԿ-ի առջև դնում է պաշտպանական ներուժի մեծացման խնդիրը. Մանտուրով
Աշխարհում տիրող բարդ աշխարհաքաղաքական իրադրությունը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առջև դնում է միավորման շրջանակներում պաշտպանական ներուժի ինտենսիվ մեծացման խնդիրը։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր Դուշանբեում հայտարարել է ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար, ՀԱՊԿ-ի ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովի ղեկավար Դենիս Մանտուրովը։
«Մենք հանդիպում ենք աշխարհաքաղաքական անկայունության բարդ ժամանակաշրջանում, դա է՛լ ավելի հրատապ է դարձնում ՀԱՊԿ պետությունների պաշտպանական ներուժի ինտենսիվ մեծացման խնդիրը: Եվ այդ նպատակին հասնելու հիմնական միջոցներից մեկը գիտաարտադրական համագործակցության զարգացումն է ռազմական նշանակության արտադրանքի թողարկման, դրա արդիականացման և նորոգման ուղղությամբ», - նշել է նա՝ բացելով հանձնաժողովի հերթական նիստը։
«Այդ ուղղությամբ աշխատանքն ընթանում է երկար տարիներ, սակայն գործընկերության համար հնարավորություններն իրականացված են բնավ ոչ լրիվ ծավալով», - շարունակել է Մանտուրովը։
Նրա խոսքով՝ նիստում կքննարկվեն պաշտպանական ձեռնարկությունների հետագա ինտեգրման մի ամբողջ շարք առաջարկներ՝ հաշվի առնելով ազգային շահերը։
Մանտուրովը նաև կարծում է, որ անհրաժեշտ է մեծացնել ՀԱՊԿ-ի շրջանակներում զենքի և ռազմական տեխնիկայի ստանդարտացման շեշտադրումները։
Ռազմատնտեսական համագործակցության միջպետական հանձնաժողովն ստեղծվել է ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի 2005 թվականի հունիսի 23-ի որոշմամբ։ Հանձնաժողովի խնդիրները ներառում են իր իրավասության շրջանակներում հանձնարարականների մշակում և որոշումների ընդունում, որոնք նպատակաուղղված են բազմակողմ ռազմատնտեսական և տեխնիկական համագործակցության ապահովմանը ՀԱՊԿ ձևաչափով փոխգործակցության գերակա ոլորտներում: