ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը
Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՊԵԿ պաշտոնական կայքէջի ներքին տարանցման փնտրման համակարգում հասանելի է ներքին տարանցման հայտարարագրերի ավարտի մասին տեղեկատվությունը։
Մասնավորապես, արտաքին տնտեսական գործունեության մասնակիցները Ներքին տարանցման փնտրման համակարգում կարող են լրացնել հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ) և հետևել սահմանային անցակետերում գրանցված տարանցման հայտարարագրերի կարգավիճակին: Արդեն իսկ ունենալով տարանցման ավարտի մասին անհրաժեշտ տեղեկատվությունը՝ տնտեսվարողը կարող է սկսել ապրանքային հայտարարագրի ներկայացման գործընթացը։ Լինելով լրացուցիչ գործիք՝ այն արդյունավետ է հատկապես բոլոր այն դեպքերում, երբ տարանցման եզրափակման գործընթացում ներգրավված է մեկ սուբյեկտ (օրինակ՝ փոխադրող), իսկ ապրանքային հայտարարագիր ներկայացնում է մեկ այլ սուբյեկտ (օրինակ՝ մաքսային միջնորդ), ինչը թույլ է տալիս առանց լրացուցիչ փաստաթղթեր ու տեղեկություններ փոխանակելու՝ տեղեկանալ տարանցման ավարտի մասին․
Ներքին տարանցման փնտրման համակարգում ներդրված այս գործիքակազմը հնարավորություն է տալիս տնտեսվարողներին խնայել ժամանակ և այլ ռեսուրսներ՝ նպաստելով մաքսային գործառնությունների արագացմանը։
Պետական եկամուտների կոմիտեն շարունակելով մաքսային թվայնացմանը միտված բարեփոխումները, առաջիկայում ևս նախատեսում է համակարգը համալրել տեղեկատվական տեխնոգիաների նոր գործիքակազմով՝ մաքսային գործառնությունների ամբողջական շղթան թվային հարթակում սպասարկելու նպատակով:
Մանրամասները՝ տեղեկատվական հոլովակում: