Գրիգոր Նարեկացին համընդհանուր սիրո փայլուն օրինակ է․ Հռոմի Պապ
Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ապրիլի 26-ին Վատիկանի Ս․ Պետրոս հրապարակում կայացած ավանդական գլխավոր ունկնդրության ընթացքում մասնավորապես անդրադարձել է միջնադարյան քրիստոնյա աստվածաբան, միստիկ բանաստեղծ, փիլիսոփա Գրիգոր Նարեկացուն՝ նրան անվանելով համընդհանուր համերաշխության թարգման։ Այս մասին տեղեկություն է հրապարակվել Վատիկանի պաշտոնական նորությունների կայքում, ինչպես նաև Սուրբ Աթոռում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջում։
Ամենից շատը, որ զարմացնում է սրբի վերաբերյալ, ասել է Սուրբ Հայրը, նրա «համընդհանուր համերաշխությունն» է՝ նրա նույնականացումը բոլոր մարդկանց հետ և իր կյանքը նվիրելու նրա որոշումը՝ աղոթելու նրանց համար:
Ըստ ՀՀ դեսպանության՝ խոսելով «Մատյան ողբերգության» աղոթքների ժողովածուի մասին՝ Ֆրանցիսկոս Պապն ասել է, որ «Սուրբ Գրիգոր Նարեկացին հայ վանական էր, ով մեզ թողեց աղոթքի գիրք, որում ձուլվեց հայ ազգի՝ քրիստոնեությունը ողջագուրող առաջին ժողովրդի հավատքը․․․»։
«Գրիգոր Նարեկացին համաշխարհային, համընդհանուր սիրո՝ որին կոչված են բոլոր քրիստոնյաները, փայլուն օրինակ է»։ Նորին Սրբությունը նաև նշել է, որ հայ վանականն իր ամբողջ կյանքն ապրեց Նարեկի Վանքում, ուր նա «սովորեց ուշադրությամբ զննել մարդկային հոգու խորքը և, աղոթքն ու բանաստեղծությունը միաձուլելով, նշանավորեց թե հայ գրականության և թե հայ հոգևոր ժառանգության գագաթնակետը»։
«Հայ սրբի մասին Հռոմի Պապի խոսքն արտացոլված է «Վատիկան Նյուզ»-ի գրեթե չորս տասնյակ լեզուներով, այդ թվում արևմտահայերենով, անգլերենով, ֆրանսերենով, պորտուգալերենով, ռուսերենով, որոնց կարելի է ծանոթանալ՝ այցելելով հետևյալ կայքերը․
https://www.vaticannews.va/.../hy-udienza-generale-26-04...
https://www.vaticannews.va/.../pope-audience-monks-nuns...
https://www.vaticannews.va/.../audience-generale-les...
https://www.vaticannews.va/.../papa-francisco-audiencia...
https://www.vaticannews.va/.../papa-udienza-generale...
https://www.vaticannews.va/.../papa-monashestvuyushie...
Ինչպես հայտնի է, 2015թ․ ապրիլի 12-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված պատարագի ընթացքում Հռոմի քահանայապետը հայ միջնադարյան հոգևորական-աստվածաբանին հռչակեց Տիեզերական եկեղեցու վարդապետ, իսկ 2021թ․ փետրվարի 2-ին Ֆրանցիսկոս Պապի հրամանագրով Հռոմեական գլխավոր օրացույցում փետրվարի 27-ը ներառվեց որպես Սուրբ Գրիգոր Նարեկացու հիշատակի օր»,- հայտնել է ՀՀ դեսպանությունը։