Սվերդլովսկի մարզում խոշոր հրդեհների հետևանքով շուրջ 660 մարդ անօթևան է մնացել
Սվերդլովսկի մարզի վեց բնակավայրերում բռնկված հրդեհների հետևանքով 1 մարդ է մահացել, գրեթե 660 մարդ զրկվել է տնից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այդ մասին այսօր ТАСС-ին հաղորդել են արտակարգ ծառայություններում։
«Սոսվա, Տայոժնի, Վիսիմ, Նեուստրոևա, Կարպինսկ և Պրոգրես բնակավայրերում բռնկված հրդեհների հետևանքով այրվել է 178 շինություն, ներառյալ՝ 134 բնակելի տուն: Անօթևան է մնացել 659 մարդ, այդ թվում՝ 148 երեխա», - ասել է գործակալության զրուցակիցը։
Նաև ամբողջությամբ այրվել է Պատիժների կատարման դաշնային ծառայության մարզային վարչության թիվ 23 ուղղիչ բժշկական հաստատությունը։ Բանտարկյալները տարհանվել են։ Սոսվայում այրվել է վեց վագոն՝ սղոցանյութով, Պրոգրեսում՝ 4 000 քմ փայտի դարսակ: Ներկայում Սոսվայում, Տայոժնիում, Վիսիմում, Նեուստրոևում և Պրոգրեսում հրդեհները մեկուսացվել են, Կարպինսկում՝ մարվել։ Սոսվայում զոհվել է 1961 թվականին ծնված տղամարդ: Հրդեհի փաստով հարուցվել է երկու քրեական գործ։
Տարածաշրջան է ժամանել ՌԴ ԱԻՆ օպերատիվ խումբը՝ փոխնախարար Իլյա Դենիսովի գլխավորությամբ, որը ղեկավարում է գերատեսչության հրդեհաշիջման գլխավոր վարչությունը: