Փաշինյանին «դավաճան» ասած քաղաքացուն աշխատանքից ազատել են․ «News.am»
«News.am»-ը գրում է․
«Վարչապետ Նիկոլ Փաշինյանին երեկ՝ ապրիլի 25-ի երեկոյան, փողոցում «դավաճան» անվանած քաղաքացի Սամվել Վարդանյանին դեպքից հետո ազատել են աշխատանքից։
«News.am»-ի հետ զրույցում Սամվելը պատմեց, որ մոտ մեկ ամիս աշխատում էր Երևանի հյուրանոցներից մեկում, որի անունն այս պահին չի ցանկանում նշել, որպես գիշերային ադմինիստրատոր, երեկ էլ գնում էր աշխատանքի, երբ տեսել է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գրասենյակից դուրս եկող Փաշինյանին և վանկարկել «դավաճան»։
«Աշխատավայրում շատ տհաճ խոսակցություն ունեցա տնօրինության հետ։ Իրենք շատ վատ արձագանքեցին դեպքին։ Ասացին, որ դրանից հետո չպետք է ոտք դնեի իրենց տարածք, փորձում էին համոզել, որ արարքս սխալ է, ես, իհարկե, հակառակը պնդեցի։ Այդպես երկուստեք հասկացանք, որ այլևս հնարավոր չի լինի աշխատանքը շարունակելը»,- ասաց Սամվելը։
Սամվելի խոսքով՝ ինքը նախկինում իշխող թիմից այլ անդամների ևս նույն որակումն է տվել, սակայն բերման չի ենթարկվել։ Փաշինյանին «դավաճան» անվանելուց հետո Սամվելին էին մոտեցել տասից ավելի ոստիկաններ և բերման ենթարկել սառը զենք պահելու կասկածանքով։ Ոչինչ չհայտնաբերելուց հետո նրան երկու ժամ անց բաց էին թողել։
«Չեմ կարող ասել, որ այդ պահին Նիկոլ Փաշինյանն է ուղիղ հրահանգ տվել, սակայն վստահաբար նկատել է ինձ։ Ոստիկանությունում հարցնում էին՝ ինչու եմ արել, որ կուսակցությունից եմ։ Ես էլ ասացի, որ անկուսակցական եմ, իմ քաղաքական դիրքորոշումն եմ հայտնել։ Միայն ես չեմ իրեն դավաճան կոչում, երկրում շատ-շատերն են այդպես կարծում։ Վստահաբար չեմ զղջում, ընկճված չեմ, նորից նույնը կանեմ»,- ընդգծեց Սամվել Վարդանյանը»։