Իտալիան պաշտպանում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանը. Սերջիո Մատարելլա
Իտալիան լիովին պաշտպանում է Ուկրաինայի անդամակցությունը Եվրամիությանն ամենակարճ ժամկետներում և դրականորեն է գնահատում նրա ձեռնարկած բարեփոխումների ուղին: Նման հայտարարություն է արել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլան Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալի գլխավորած պատվիրակության հետ կայացած հանդիպմանը։ Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է «РИА Новости» գործակալությունից:
«Իտալիան արտահայտում է իր հաստատ համոզմունքը՝ աջակցելու ամենակարճ ժամկետներում Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը: Մենք գնահատում ենք նրա կառավարության հանձնառությունը բարեփոխումների քաղաքականությանը`ԵՄ-ի չափանիշները պահպանելու համար», - Մատարելլայի խոսքն է մեջբերել Adnkronos գործակալությունը:
Ինչպես հաղորդել են Իտալիայի նախագահի գրասենյակից, Քվիրինալյան պալատում տեղի ունեցած հանդիպմանը իտալական կողմից մասնակցել է նաև Իտալիայի արտգործնախարար և երկրի փոխվարչապետ Անտոնիո Տայանին։
Այսօր Հռոմում անցկացվում է Ուկրաինայի վերականգնմանը նվիրված խորհրդաժողով։ Միջոցառմանը մասնակցում են շուրջ հազար ուկրաինական և իտալական ընկերությունների և կազմակերպությունների ներկայացուցիչներ։
Մատարելլայի խոսքով՝ Իտալիան լիովին աջակցում է Ուկրաինային «բոլոր բնագավառներում և այնքան ժամանակ, որքան դա անհրաժեշտ է»։
Վլադիմիր Զելենսկին 2022 թ.-ի փետրվարի 28-ին ստորագրել է Եվրամիությանը Ուկրաինայի անդամակցության հայտը։ ԵՄ-ի պետությունների և կառավարությունների ղեկավարները հունիսի 23-ին Բրյուսելում կայացած գագաթնաժողովում հավանություն են տվել Ուկրաինային և Մոլդովային ԵՄ-ին միանալու թեկնածու երկրների կարգավիճակ տրամադրելուն։ Անդամակցության շուրջ բանակցություններն սկսելու համար երկրները պետք է կատարեն մի շարք պայմաններ, այդ թվում՝ բարեփոխումներ անցկացնեն։ Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը հունվարին հայտարարել էր, որ Կիևը երկու տարվա ընթացքում ԵՄ-ին միանալու «հավակնոտ ծրագիր» ունի։
Թեկնածուի կարգավիճակ ստանալը ԵՄ-ին միանալու բավականին երկար ճանապարհի միայն սկիզբն է: Թուրքիան թեկնածուի կարգավիճակում է 1999 թ.-ից, Հյուսիսային Մակեդոնիան՝ 2005 թ.-ից, Չեռնոգորիան՝ 2010 թ.-ից, Սերբիան՝ 2012 թ.-ից։ Խորվաթիան վերջին երկիրն էր, որը ԵՄ-ին միացել է 2013 թ.-ին, գործընթացը տևել է տասը տարի: