Սի Ծինփինը 2022 թ.-ի փետրվարից ի վեր առաջին անգամ հեռախոսազրույց է ունեցել Զելենսկիի հետ
Չինաստանի նախագահ Սի Ծինփինը հեռախոսազրույց է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ։ Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է ТАСС գործակալությունից, այդ մասին այսօր հայտնել է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։
Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունները և մտքեր են փոխանակել Ուկրաինայի ճգնաժամային իրադրության շուրջ։
Սի Ծինփինը Զելենսկիի հետ զրույցում հայտարարել է, որ Չինաստանը կձգտի հասնել Ուկրաինայում շուտափույթ հրադադարի։
«Չինաստանը վճռականորեն կաջակցի բանակցային գործընթացին և ամենակարճ ժամկետներում հրադադարի հաստատմանը», - մեջբերում է հեռուստաալիքը Չինաստանի ղեկավարի խոսքը։
Նա հայտարարել է, որ երկխոսությունն ու բանակցությունները միակ հնարավոր ելքն են հակամարտությունից։ Սի Ծինփինը նաև նշել է, որ Չինաստանն իր հատուկ ներկայացուցչին կուղարկի Ուկրաինա՝ ճգնաժամային իրադրության կարգավորման համար։
Իր հերթին Զելենսկին Twitter-ում հայտնել է, որ բովանդակալից հեռախոսազրույց է վարել Չինաստանի նախագահի հետ։
«Երկար և բովանդակալից հեռախոսազրույց վարեցի Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հետ: Հավատում եմ, որ զրույցը, ինչպես նաև Չինաստանում Ուկրաինայի դեսպանի նշանակումը, հզոր խթան կհաղորդեն մեր երկկողմ հարաբերությունների զարգացմանը», - գրել է Ուկրաինայի նախագահը:
Վերջին անգամ երկու երկրների ղեկավարները միմյանց հետ շփվել են 2022 թվականի հունվարի սկզբին։ Այն ժամանակ նրանք շնորհավորական հեռագրեր են փոխանակել երկու պետությունների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի առթիվ: