ՌԴ ԱԳՆ-ն մեկնաբանել է Սի Ծինփին-Զելենսկի հեռախոսազրույցը
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու և Չինաստանի ղեկավար Սի Ծինփինի հեռախոսազրույցը։ Զախարովան ասել է, որ ռուսական կողմն ընդունել է Չինաստանի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղ բանակցություններ հաստատելու համար։
Նա նաև նշել է Ռուսաստանի և Չինաստանի «մոտեցումների համահունչությունը» հակամարտության կարգավորման հարցում։
«Մենք տեսնում ենք չինական կողմի պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու բանակցային գործընթացի հաստատման համար։ Մենք տեսնում ենք մեր սկզբունքային մոտեցումների մեծ ներդաշնակություն Չինաստանի ԱԳՆ-ի կողմից փետրվարի 24-ին հրապարակված համապատասխան դիրքորոշման փաստաթղթի դրույթների հետ»,- գրել է Մարիա Զախարովան թելեգրամյան ալիքում։
Զախարովան հավելել է, որ, ըստ ռուսական կողմի, «խնդիրը լավ ծրագրերի բացակայությունը չէ»։
Նրա խոսքով՝ Ուկրաինայի կառավարությունը «մերժում է ցուցաբերում խաղաղ բանակցությունների վերաբերյալ ցանկացած հիմնավոր նախաձեռնության նկատմամբ»։
Փետրվարի 24-ին՝ Ուկրաինայում ռուսական ռազմական գործողության մեկ տարվա լրանալու օրը Չինաստանը հրապարակել է երկրների միջև հակամարտությունը լուծելու 12 կետից բաղկացած ծրագիր։ Դրանց թվում է կրակը դադարեցնելու և խաղաղ բանակցություններ սկսելու կոչը։