Պակիստանի ոստիկանական տեղամասում պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի
Պակիստանի հյուսիս-արևմուտքում գտնվող Քաբալի շրջանում ահաբեկչության դեմ պայքարի վարչության ոստիկանական տեղամասում որոտացած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 18-ի, առնվազն 50 մարդ վիրավորվել է, մերձակա մի քանի շենք փլուզվել է: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով The Express Tribune պարբերականին:
Զոհերի թվում են ոստիկանության 11 աշխատակիցներ, 5 ձերբակալվածներ և 2 քաղաքացիական անձինք։ Ավելի վաղ տեղեկություն էր ստացվել 12 զոհի և 57 տուժածի մասին։
Խայբեր Փախտունխվայի նահանգի գլխավոր տեսուչ Ախթար Հայաթը լրատվամիջոցներին հայտնել է, որ դեպքի վայրի զննությունը չի պարզել զինված հարձակման փաստեր: Նա նշել է, որ պայթյունը տեղի է ունեցել շենքի ներսում գտնվող պայթուցիկների և ոչ թե ահաբեկչության պատճառով:
Շրջանի ոստիկան Սվաթ Շավիուլլահը նույնպես հայտարարել է, որ պայթյունի պատճառն ահաբեկչական հարձակումը չէ, այլ ոստիկանական տեղամասում գտնվող պայթուցիկ սարքերը:
Ավելի վաղ տեղեկություններ էին տարածվել, որ ապրիլի 24-ին ոստիկանական տեղամասի վրա են հարձակվել զինված ծայրահեղականները: Հաղորդվում էր, թե իրավապահ մարմինների աշխատակիցների հետ փոխհրաձգության ժամանակ մահապարտ-ահաբեկիչը պայթյուն էր իրականացրել, որից մի քանի վայրկյան անց պայթել է ոստիկանության շենքում պահեստավորված ռազմամթերքը։
Միջադեպից հետո Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը դատապարտել էր Քաբալում տեղի ունեցածը և ցավակցություն հայտնել զոհերի ընտանիքներին: